03.05.2023թ.

ՀՀ հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարը պարբերաբար անդրադառնում է ազատազրկված անձանց կրթության կազմակերպման, այդ միջոցով կրկնահանցագործությունները կանխելու, ինչպես նաև հիմնարկներում պատիժ կրող անձանց սոցիալիզացիայի հարցերին։ Բազմիցս քննարկվել են խնդիրները, և առաջարկվել են լուծման տարբերակներ։ Բավականին ծրագրեր են կյանքի կոչվում, գործընթացներ են իրականացվում, բայց դեռևս կրթությունը դատապարտյալներին լիարժեք հասանելի դարձնելու համար կան չլուծված խնդիրներ։ Վերջերս «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպեց «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանս, որի ժամանակ ևս բազմաթիվ հարցեր վեր հանվեցին, և դատապարտյալների կրթությանն առնչվող խնդիրները դիտարկվեցին հանրային օրակարգում։

Այս համատեքստում տեղի ունեցած փոփոխությունները և դեռևս առկա խնդիրները քննարկելու համար «Դպրություն» հաղորդաշարին հյուընկալվեցին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը։

Նարե Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին էական քայլեր են ձեռնարկվել կրթությունն ազատազրկված անձանց հասանելի դարձնելու համար։ Պետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության, հարցին բավականին բաց է տրամադրված և ազատազրկված անձանց վերասոցիալականացումը առաջնային է դիտարկում։

Օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձինք հիմնարկից հեռավար տարբերակով մասնակցեցին վերջերս տեղի ունեցած կոնֆերանսին, ինչն աննախադեպ երևույթ էր հայաստանյան պատմության մեջ։ Դատապարտյալները հեռավար ձևաչափով մասնակցում են տարբեր ծրագրերի, բայց նորություն էր այն, որ դատապարտյալը հենց հիմնարկից հեռավար ձևով մասնակցում է կոնֆերանսին և պետական տարբեր վերաբերելի կառույցների ներկայացուցիչներին ներկայացնում է իր կրթության պահանջը։ Դա, ըստ էության փաստում է դրական տեղաշարժի մասին։ Կարևոր ձեռքբերում էր այն, որ ցմահ դատապարտյալը հիմնարկի աշխատողի ուղեկցությամբ մասնակցեց այդ կոնֆերանսին։ Սա երկրորդ դեպքն է, երբ ցմահ դատապարտյալը նման ձևաչափով մասնակցում է կոնֆերանսի։ Հովհաննիսյանը մասնակցությունից բացի կարևորեց այն հանգամանքը, որ ձևավորվել է իրավիճակ, երբ դատապարտյալը կրթության պահանջ է ներկայացնում։

«Սովորաբար դատապարտյալների ձայնը լսելի է լինում, երբ նրանք խնդիրներ են ունենում կապված հիմնարկի կամ պատժի կրման պայմանների, պայմանական վաղաժամկետ ազատման հետ և այլն։ Վերջին տարիների աշխատանքի դրական արդյունքն այն է, որ դատապարտյալը կրթության խնդիր է բարձրացնում։ Հենց կոնֆերանսի ժամանակ կարևոր միտք հնչեց։ Դատապարտյալներն ասացին՝ վաղ թե ուշ մենք վերադառնալու ենք հասարակություն, և բոլորիս համար շահավետ կլինի, որպեսզի մենք որպես կրթված և գիտելիքով զինված քաղաքացի հետ վերադառնանք հասարակություն»,-մանրամասնեց Ն․ Հովհաննիսյանը։

Նա կարևոր ձեռբերում որակեց այն, որ 19 և բարձր տարիքի անձանց հանրակրթությունն արդեն հասանելի է քրեակատարողական հիմնարկներում։ Դա նշանակում է, որ պետությունն իր ֆինանսական միջոցների հաշվին հնարավորություն է տալիս, որպեսզի անձը պատժի կրման ժամանակահատվածն օգտագործի այդ բացթողումը լրացնելու համար, միջնակարգ կրթություն ստանա և այդ կրթությունը հավաստող վկայական ունենա։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի ազատազրկված անձինք առավելագույնս օգտագործեն այդ հնարավորությունը։

Էական տեղաշարժ կա նաև ազատազրկված անձանց բարձրագույն կրթության կազմակերպման հարցում։ Համալսարանների հետ համագործակցության շնորհիվ այդ կրթությունը հեռավար ձևաչափով է կազմակերպվում, ինչը փոխադարձաբար ձեռնտու է, և համալսարաններն ինչ-որ չափով ազատվում են դասախոսական կազմին հիմնարկ տեղափոխելու և դրանով պայմանավորված այլ խնդիրներից։

Ինչ վերաբերում է ազատ արձակվելուց հետո անձանց վերաինտեգրման գործընթացին, Նարե Հովհաննիսյանը նշեց, որ այս առումով դեռևս բացեր կան։ Անձը քրեակատարողական հիմնարկի վերահսկողության ներքո է, քանի դեռ պատիժ է կրում։ Երբ պայմանական վաղաժամկետ է ազատվում, հայտնվում է պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո, որտեղ կարող է մասնակցել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերին։ Այդ ծրագրերում ընդգրկելուց բացի պրոբացիայի ծառայողները կարող են որոշակի հետևողականություն ցուցաբերել նաև անձի աշխատանքի տեղավորման գործընթացների նկատմամբ։ Սակայն խնդրահարույց է այն, երբ անձինք դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից ոչ պայմանական վաղաժամկետ ազատմամբ և պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո չեն հայտնվում։ Ճիշտ է, կա համապատասխան օրենսդրական լծակ, որի գործադրմամբ ներկայիս Միասնական սոցիալական ծառայությունը պետք է մասնագիտական ուսուցման դասընթացներ իրականացնի նախքան անձի ազատ արձակվելը, այնուհետև զբաղվածության ծրագրերում ընդգրկելով՝ նրան աշխատանքով ապահովի։ Սակայն այդ ծրագրերը գործող մեխանիզմով չեն իրականացվում, քանի որ գործընթացը բարդ է։ Բացի այդ, ծրագրեր իրականացնող կառույցները մոտիվացված չեն այդ դասընթացները հիմնարկներում իրականացնելու գաղափարով։ Զբաղվածության պետական գործաալությունը դարձել է Միասնական սոցիալական ծառայություն, որը պատերազմով և կորոնավիրուսով պայմանավորված բովանդակային փոփոխություններ է կատարել զբաղվածության ծրագրերում, ինչի հետևանքով նախկինում ազատազրկված անձինք որպես առաջնային շահառու խումբ չեն դիտարկվում։ Այս համատեքստում հուսադրող է մեկ այլ դրական տեղաշարժ։ Պետությունը նպատակադրվել է ազատ արձակված անձանց, վերջիններիս կարիքներին համապատասխան, ապահովել կացարանով կամ միանվագ սոցիալական աջակցությամբ։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը նշեց, որ դատապարտյալների համար իրականացվում է կրթություն՝ բոլոր աստիճաններով։ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է հանրակրթություն մինչև 19 տարեկան և 19 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ 2022 թվականին ոչ ֆորմալ դասընթացները 4 քրեակատարողական հիմնարկում են իրականացվել։ Հաշվի առնելով բոլոր դատապարտյալների համար հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ 2023 թվականին այդ դասընթացներն իրականացվում են 8 քրեակատարողական հիմնարկում, ինչը ևս կարևոր ձեռքբերում է։

Ոչ ֆորմալ դասընթացները կազմակերպվում են նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Այս համատեքստում տարեցտարի ընդլայնվում են կրթական ծրագրերի տեսակները, բարելավվում է դրանց որակը։ Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ «Արթիկ» ՔԿՀ-ում իրականացվել են շինարարության, համակարգչային հմտությունների և կահույքագործության դասըթացներ, որոնց մասնակցել է ազատությունից զրկված 30 անձ։ «Գորիս» ՔԿՀ-ում կազմակերպվել է օճառագործության դասընթաց, որին մասնակցել է ազատությունից զրկված 10 անձ։ «Արմավիր» ՔԿՀ-ում հենց դատապարտյալի կողմից ուսուցանվել է ծաղկեգործություն և գրիչների ասեղնագործություն, որին մասնակցել են մյուս դատապարտյալները։ Այդ դասընթացները վարել է ցմահ դատապարտյալներից մեկը, ում հետ կազմակերպության կողմից կնքվել է համապատասխան ծառայության մատուցման պայմանագիր։ Ստացվում է, որ դատապարտյալին կրթության, աշխատանքի և ֆինանսական եկամուտ ստանալու հնարավորություն է տրվել։

Կարևոր է նաև Շախմատի ակադեմիայի հետ համագործակցությունը, որը երկար տարիների փորձ ունի և տարեցտարի կատարելագործվում է։ Նախորդ երկու տարիներին դատապարտյալների շրջանում շախմատի ներհիմնարկային և միջհիմնարկային առաջնություններ են անցկացվել։ 2023 թվականին ընտրվել են լավագույն 6 դատապարտյալները, որոնք մասնակցում են շախմատի դասընթացի։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբերին դատապարտյալների շախմատի հավաքականների աշխարհի առաջնություն է տեղի ունենում, որին Հայաստանի հավաքականը ևս մասնակցել է։

«Կան տարբեր պայմանավորվածություններ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների հետ, քանի որ փորձում ենք դասընթացներն այնպես կազմակերպել, որ դատապարտյալներն այդ գիտելիքներն օգտագործեն ազատության մեջ։ Այդ դասընթացը նախկինում կյանքի կոչելու փորձեր արվել են, սակայն անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ներկայումս փորձում ենք կարգավորել խնդիրները, որպեսզի դատապարտյալներն այդ ոլորտում ևս բարձր հավակնություններ ունենան»,-մանրամասնեց Ծովինար Թադևոսյանը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթին՝ Թադևոսյանը նշեց, որ այն երբևէ չի խոչընդոտել կրթական գործընթացներին։ Տարեցտարի ավելանում է ոչ միայն ծրագրերի մասնակից դատապարտյալների թիվը, այլև այդ ծրագրերին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց թիվը։ Դա նշանակում է, որ ենթամշակույթի ազդեցությունն այդ գործընթացների վրա աստիճանաբար նվազում է։

Ինչ վերաբերում է դատապարտյալների շրջանում սովորելու մոտիվացիա առաջացնելուն, Թադևոսյանը նշեց, որ այդ մեխանիզմները մի քանիսն են։ Առաջինը պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում գնահատման համակարգն է, որի համատեքստում գնահատվում է նաև անձի՝ կրթություն ստանալու կամ չստանալու հանգամանքը։ Սա կարևոր մոտիվացիա է, որը խթանում է, որպեսզի դատապարտյալը ներգրավվի կրթության մեջ, համապատասխան միավորներ հավաքի և դրական զեկույց ստանալու հնարավորություն ապահովի իր համար։ Առավել ցածր անվտանգային գոտում տեղաբաշխելու ժամանակ ևս անձի՝ կրթություն ստանալու հարցը կարևորվում է, ինչը նույնպես մոտիվացիան բարձրացնելու տեսակ է։ Հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների, նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտապես աշխատանքներ են իրականացնում դատապարտյալների հետ նրանց մոտիվացիան բարձրացնելու և կրթության նպատակն ընկալելի դարձնելու ուղղությամբ։

«Սրանք, իհարկե, արտաքին մոտիվացիաներ են, սակայն կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ներքին մոտիվացիայի վրա աշխատել, և դատապարտյալը գիտակցի, որ կրթությունն իրեն ապագայում հնարավորություն է տալու արագ վերաինտեգրվել հասարակության մեջ, ստացած հմտությունների և գիտելիքների շնորհիվ աշխատաշուկայում ավելի մրցունակ լինել։ Դա կօգնի նաև կրկնահանցագործության ռիսկը նվազեցնել»,-նշեց Ծ․ Թադևոսյանը։

Հասմիկ Հովակիմյանը ներկայացրեց «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք երեքն են՝ հանրակրթություն մինչև 19 տարեկան անձանց համար, հանրակրթություն 19 և բարձր տարիքի անձանց համար և ոչ ֆորմալ կրթություն։

Մինչև 19 տարեկան անձանց հանրակրթությունը ներկայումս իրականացվում է «Աբովյան», «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։ Մինչև 19 տարեկան անձը, որը կալանավորված է կամ դատապարտված է, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, պետության կողմից ընձեռված հնարավորության շնորհիվ կարող է շարունակել իր պարտադիր միջնակարգ կրթությունը և վկայական ստանալ։

Դատապարտյալների շրջանում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ 300 անձ ունի հանրակրթության իրավունքի իրացման խնդիր։ 2022 թվականին «Կրթության մասին» օրենքում համապատասխան լրացումներ են կատարվել, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալները, որոնց պատժի կրման ժամկետի լրանալուն մնացել է 1 տարի և ավելին, հնարավորություն ունեն պետության աջակցությամբ իրացնել կրթության իրենց սահմանադրական իրավունքը և միջնակարգ կրթության ատեստատ ստանալ։ Ներկայումս 6 քրեակատարողական հիմնարկում է իրականացվում 19 և բարձր տարիքի անձանց հանրակրթությունը՝ «Աբովյան», «Արմավիր», «Արթիկ», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր»։

«Ի տարբերություն այլ երկրների, մեր պետությունը ավելի հումանիստական է։ Այլ երկրներում կա սահմանափակում, կրթության այս հնարավորությունը մինչև 35 տարեկան անձանց համար է։ Հաշվի առնեով, որ մեզ մոտ այդ պահանջարկը կար 39-41 տարեկան անձանց շրջանում, մեր պետությունն այդ կրթության համար տարիքային սահմանափակում չսահմանեց։ Այսինքն՝ 19 և ավել տարեկան անձինք, ովքեր ցանկանում են սովորել և ստանալ միջնակարգ կրթության ատեստատ, կարող են դա անել՝ առանց տարիքային սահմանափակման»,-ներկայացրեց Հասմիկ Հովակիմյանը։

Այս հանրակրության մեջ ներգրավված անձանց թիվը ժամանակի ընթացքում փոքր-ինչ նվազել է։ Անդրադառնալով պատճառներին՝ Հ․ Հովակիմյանը նշեց, որ, օրինակ, վերջերս 2 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Դա նշանակում է, որ քրեակատարողական հիմնարկը կենդանի օրգանիզմ է, և անընդհատ փոփոխություններ են լինում։ Նաև կան անձինք, որ հրաժարվել են մասնակցել ծրագրին, քանի որ գործընթացը երկար է։ Այստեղ առկա է նաև մեկ այլ խնդիր։ Երբ անձը ներկայացվում է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն վերջնարդյունքում չի ազատվում, շատ մեծ ֆրուստրացիա է առաջանում։ Ճիշտ է, բոլորի հետ համապատասխան աշխատանքեր տարվում են, սակայն ոչ միշտ է ստացվում նրանց հետ բերել դեպի կրթություն։ Սակայն և քրեակատարողական ծառայության, և ՊՈԱԿ-ի կողմից դրական մոտիվացիա առաջացնելու ուղղությամբ մշտապես աշխատանքներ կատարվում են։

Քանի որ կան ոչ տառաճանաչ անձինք, ՊՈԱԿ-ի կողմից համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Հոգեբանամանկավարժական կենտրոնի հետ, որը պատրաստ է փոփոխություն կատարել իր կանոնադրության մեջ և կրթության կարիքի գնահատման գործիքակազմի միջոցով գնահատում իրականացնել ազատազրկված անձանց շրջանում։

«Ճիշտ է, մասնակից դատապարտյալների շրջանում կա պայմանական վաղաժամկետ ազատման համար միավորի ապահովման խնդիր, սակայն տարեցտարի ստացվում է կրթության նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորել»,-նշեց Հ․ Հովակիմյանը։

Ոչ ֆորմալ կրթությունը ներկայումս 8 քրեակատարողական հիմնարկում է իրականացվում։ Նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր խմբում պետք է լիներ մինչև 10 անձ։ Սակայն այդ ծրագրերին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց թիվը շատ է, և յուրաքանչյուր խմբում ընդգրկվել է մինչև 18 անձ, ինչը և մարտահրավեր է, և դրական ցուցանիշ է։ Կան դիմումներ, որոնք չի ստացվում բավարարել, քանի որ խմբերն արդեն իսկ գերբեռնված են։

Երկարատև պատիժն անձին կտրում է սոցիալական կապերից և միջավայրից, ինչի հետևանքով նա կորցնում է այն հմտությունները և հնարավորությունները, որոնք ուներ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՊՈԱԿ-ը 2023 թվականին ոչ ֆորմալ ծրագրում ներդրել է կահույքագործության, դիմահարդարման, կարի և վարսավիրական հմտությունների դասընթացներ։ ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև վերասոցիալականացման տարբեր միջոցառումներ, որոնցից շատերը դատապարտյալներն են նախաձեռնում և իրականացնում։ Բացի այդ, մշակվում են վերասոցիալականացման մեթոբաբանություն և ծրագիր, որը ներառում է թե կրթական, թե սոցիալ-հոգեբանական թրեյնինգների շարք։ Կրթությունից բացի դա հետագայում ավելի սահուն ձևով պետք է ապահովի անձի վերասոցիալականացումը և վերաինտեգրումը հասարակության մեջ։

Ինչ վերաբերում է հանրակրթության ուսուցիչների ընտրությանը, ապա դա կատարվում է համապատասխան օրենսդրությամբ՝ մրցութային ձևով, իսկ ոչ ֆորմալ կրթության դասավանդողների ընտրության դեպքում կարևոր չափանիշներ են բարձրագույն կրթությունը և համապատասխան մասնագիտացումը։ Սակայն շատ կարևոր են նաև մասնագետների անձնային որակները, որոնք ևս ընտրության ժամանակ հաշվի են առնվում։ ՊՈԱԿ-ը մշակել է հոգեբանական հարցաթերթ, որը մասնագետները լրացնում են, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը կողմնորոշվում է՝ տվյալ մասնագետը կարող է՞ աշխատել քրեակատարողական հիմնարկում, թե՞՝ ոչ։

 

Աղբյուրը՝   ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ