«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 1990 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 681 կարգադրությամբ՝ որպես ՀՀ արդարադատության նախարարության  իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտ:
ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 224-Ն որոշմամբ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպվել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ինստիտուտ):
ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1253-Ն որոշմամբ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացել է Ինստիտուտին և վերջինս վերանվանվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն):
Կենտրոնն  իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցումը (օրենքով նախատեսված հրազեն և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերում) և  քրեակատարողական ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցում):
Կենտրոնը մասնագիտացված է քրեական արդարադատության ոլորտում վերականգնողական ծրագրերի մշակման, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց ծառայությունների մատուցման ուղղությամբ: Այն արդարադատության ոլորտում կայուն հիմքով ծառայություններ է մատուցում և դասընթացներ է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական  հիմնարկներում պատիժ կրող անձանց և պրոբացիայի շահառուների համար:
Կենտրոնի կողմից քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը:
Կենտրոնն իրականացնում է նաև Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղարությունը, ինչով էլ պայմանավորված՝ համակարգում է նիստերի կազմակերպման և խորհրդի  գործունեությանն  ուղղված  ամբողջ աշխատանքները, անչափահասների շրջանում մշակում և իրականացնում է  հետազոտություններ, պատրաստում է մասնագիտական ձեռնարկներ, կազմակերպում է մասնագիտական փորձի փոխանակման  հանդիպում-քննարկումներ, արդարադատության մատչելիությանն ու իրազեկմանն ուղղված երեխաների հետ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
Կենտրոնի կողմից  իրականացվել  և իրականացվում են՝  հաշտարարների,  սնանկության գործով կառավարչի  հավակնորդների , նոտարների թեկնածուների ու գործող նոտարների ուսուցում և վերապատրաստում՝ «Հաշտարարների որակավորման դասընթացներ», «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացներ», «Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում» և «Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցում» ծրագրերով:
2007 թվականից Կենտրոնում յուրաքանչյուր տարի վերապատրաստում են անցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներ: Կենտրոնն իրականացնում է հանրապետական  գործադիր  մարմիններում հակակոռուպցիոն  ծրագրերի  իրականացման պատասխանատուների  վերապատրաստման  դասընթացներ:
2008 թվականից Կենտրոնի կողմից հրատարակվում է «Արդարադատություն» գիտական հանդեսը, որտեղ տպագրվում են  իրավագիտության ոլորտին առնչվող աշխատություններ և գիտական վերլուծություններ: Պարբերականը 2010 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրատարակությունների ցանկում է:

    Կենտրոնն իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթություն «Իրավագիտություն» և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն «Քրեակատարողական  գործ» մասնագիտություններով: