«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերասոցիալականացման ծրագրերի իրականացման բաժինը իրականացնում է համալիր ծրագրեր, որոնք նպատակ ունեն ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց վերաինտեգրումը հասարակությանը՝ կրթության, արհեստի, արվեստի և անձնային զարգացման միջոցով։

Բաժնի գործունեության առանցքում կանգնած է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիրը, որը միտված է հմտությունների ձևավորմանը, արժեքային համակարգի դրական փոփոխմանն ու կրկնահանցագործության կանխարգելմանը։ Դասընթացներին մասնակցությունը կամավոր է և հասանելի է դատապարտյալների, կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառուների համար։

Բաժինն ամեն տարի, ՀՀ արդարադատության նախարարի հաստատմամբ, իրականացնում է հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական մոդուլներ։ Ծրագրերի իրականացումն ուղեկցվում է հետևյալ հիմնական գործառույթներով.

  • Դատապարտյալների կարիքների գնահատման հիման վրա մասնագիտական ծրագրերի մշակում
  • Արհեստագործական մոդուլների համար անհրաժեշտ նյութերի, գործիքների, սարքավորումների ձեռքբերում
  • Համագործակցություն ներազգային և միջազգային գործընկերների հետ
  • Ուսուցման մոնիտորինգ և գնահատում, մեթոդական գործիքների մշակում
  • Ուսուցման գործընթացում ներգրավված դասընթացավարների վերապատրաստման համակարգերի ձևավորում
  • Դատապարտյալների պատրաստած ձեռքի աշխատանքների վաճառքի և նվիրատվության իրավական կարգավորում

Ներդրված մոդուլներ և դասընթացներ

2024 թվականի ընթացքում ներդրվել են նոր մոդուլներ՝

  • Եռակցում / Զոդում – Սևան ՔԿՀ
  • Հաշվապահություն – Նուբարաշեն, Արմավիր ՔԿՀ-ներ
  • Շինարարական հմտություններ – Արթիկ ՔԿՀ
  • Կաշեգործություն – Վանաձոր ՔԿՀ
  • Զարդակիրառական արվեստ – Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ

2025 թվականին ներդրվել է՝

  • Միջին մասնագիտական «Ծրագրավորում» դասընթաց՝ երկու մակարդակով

Դասավանդվող ծրագրեր

Արհեստագործական

  • Կաշեգործություն
  • Կահույքագործության հմտություններ
  • Եռակցում
  • Կարուձև
  • Շինարարական հմտություններ

Միջին մասնագիտական

  • Հաշվապահական հաշվառման հիմունքներ
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Front-end ծրագրավորում

Զարգացնող դասընթացներ

  • Զարդակիրառական արվեստ (Բատիկա, Վիտրաժ)
  • Խեցեգործություն
  • Հայերեն/ռուսերեն/անգլերեն հաղորդակցման հմտություններ
  • Ինքնաճանաչում, անձնային աճ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ազգագրություն
  • Համակարգչային հմտություններ

Հատկանշական ծրագրեր և նախաձեռնություններ

  • 2024թ. օգոստոսից Արթիկ ՔԿՀ-ում իրականացվել է «Շինարարական հմտություններ» դասընթաց՝ 20 մասնակիցով։ Դասընթացի շրջանակում վերանորոգվել են ինչպես ուսումնական, այնպես էլ երկարատև տեսակցությունների սենյակներ։
  • «Սևան» ՔԿՀ-ում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ վերանորոգվել է 190 քմ տարածք, ձեռք են բերվել հաստոցներ և սարքավորումներ՝ «Կահույքագործության հմտություններ» դասընթացի որակյալ կազմակերպման համար։
  • «Վանաձոր» ՔԿՀ-ում իրականացվել է «Կաշեգործություն» դասընթաց։

Վերասոցիալականացման բաժնի գործունեությունը միտված է ոչ միայն մասնագիտական հմտությունների փոխանցմանը, այլև դատապարտյալների ինքնաճանաչման, արժեհամակարգի ձևավորման և կյանքի որակի բարելավման միջոցով՝ նրանց վերադարձին հասարակություն՝ որպես լիարժեք և գործուն քաղաքացիներ։

Թարմացված է՝ 06․06․2025