2025 թվականի դեկտեմբերի 15–19-ը Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։
Իրականացվել են հանդիպումներ և ճանաչողական այցելություններ Ստոկհոլմի և Հուդդինգի Բարնահուս կենտրոններ, ինչպես նաև Հուդդինգի երեխաներին ծառայություններ մատուցող համապատասխան կենտրոն։
Այցի հիմնական նպատակն էր Շվեդական Բարնահուս մոդելի և երեխաների հետ տարվող երեխայակենտրոն մոտեցումների ուսումնասիրությունը, միջգերատեսչական համագործակցության արդյունավետ մեխանիզմների գնահատումը, ինչպես նաև մոդելի հնարավոր զարգացումը Հայաստանի Հանրապետությունում՝ ապահովելով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Լանզարոտեի կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների պատշաճ իրականացումը։
Ուսումնասիրվել են Բարնահուս մոդելի գործունեության իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, երեխաների հարցազրույցների կազմակերպման մեթոդաբանությունը, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության գործերով արդարադատության գործընթացում երկրորդային զոհականացման կանխարգելման մեխանիզմները։
Շվեդական Բարնահուս մոդելը հանդիսանում է միջազգային լավագույն փորձերից մեկը, որի առանցքում երեխայի լավագույն շահի սկզբունքն է։ Մոդելը միավորում է իրավապահ, սոցիալական, առողջապահական և հոգեբանական ծառայությունները մեկ միջավայրում՝ ապահովելով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցությունը։
Կայացած աշխատանքային ծրագրի արդյունքները կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում երեխաների համար բարենպաստ արդարադատության համակարգի զարգացմանը և Բարնահուս մոդելի հետագա ինստիտուցիոնալ ամրապնդմանը։
