Ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքը կարևորելու, կազմակերպելու, ավելի արդյունավետ դարձնելու նպատակով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը համատեղ հոկտեմբերի 28-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացրեցին «Կրթություն բոլորի համար» խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ելույթի խոսքով նաև հանդես եկան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ Գայանե Հովակիմյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը,Դի Վի ՎԻ ինթերնեյշնալ հայաստանյան կազմակերպության տնօրենը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները կարևորեցին կրթությունը ազատազրկման վայրերում `այն համարելով անձի զարգացման համար սոցիալականացման գործիք:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հեղինակած «Կամքը հայի» և «Հանցագործություն ողբերգություն տառապանքներ» և ևս դատապարտյալ Դավիթ Խաչատրյանի «Կեղտոտ ձեռքերով տղան» գրքերի շնորհանդեսը:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Լռության մարմնավորում» խորագրով ցուցահանդես-վաճառք: Ցուցադրվեցին դատապարտյալների ձեռքով պատրաստված խեցեգործ իրեր, զարդեր, նկարներ, ապակու վրա արված նկարներ/ վիտրաժ, բատիկական/ , ինչպես նաև ներկայացվեցին դեկոպաժ իրեր, որոնք աղբ դառնալու փոխարեն երկրորդ կյանք էին ստացել գեղեցիկ գունավորման միջոցով: