Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի համագործակցության շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 22-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են հանրակրթական ծրագրերում ընդգրկված դատապարտյալների ստեղծագործական աշխատանքները։
Միջոցառմանը ներկայացվել են խեցեգործության և վիտրաժ առարկաների ուսուցման ընթացքում դատապարտյալների մեկ ու կես տարվա աշխատանքների արդյունքները։ Ինչպես նշում են ՊՈԱԿ-ի ուսուցիչները՝ դասընթացներին մասնակցելը վերականգնում է ազատազրկված անձանց բարոյահոգեբանական արժեքները, հավատը իրենց սեփական ուժերին, տալիս է հմտություն, ձեռք են բերում նոր մասնագիտություններ, ծանոթանում և ուսումնասիրում են արվեստի մի քանի ճյուղեր և դասընթացների արդյունքում տիրապետելով որևէ մասնագիտության և արվեստի՝ կարողանում են կիրառել այն իրենց առօրյայում և հետագա կյանքում։
«Վանաձոր» ՔԿՀ-ի վարչակազմի և ՀՀ Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանի հրավերով միջոցառմանը ներկա են եղել նաև ասմունքող Ջիվան Սարգսյանը և ՔԿՀ-ի հոգևոր սպասավոր տեր Վահան քահանա Ազարյանը: Միջոցառման ընթացքում ասմունքող Ջիվան Սարգսյանը կարդացել է մի շարք բանաստեղծություններ հայտնի հեղինակներից, այնուհետ հիմնարկի գրադարանին է նվիրել բանաստեղծությունների ժողովածու և Նարեկացու «Մատյան ողբերգություն» ստեղծագործության տեսասկավառակը: Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանը միջոցառման ավարտին շնորհակալություն է հայտնել հյուրերին, կազմակերպիչներին և ներկաներին` հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները համագործակցության շրջանակներում էլ ավելի կընդլայնվեն և կկրեն մշտական բնույթ։


