
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 1990 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 681 կարգադրությամբ՝ որպես ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտ:
ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 224-Ն որոշմամբ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպվել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ինստիտուտ):
ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1253-Ն որոշմամբ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացել է Ինստիտուտին և վերջինս վերանվանվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն):
Կենտրոնը հանրապետությունում հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցում), և հատուկ ուսուցումը (օրենքով նախատեսված հրազեն և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերում):
Կենտրոնը մասնագիտացված է քրեական արդարադատության ոլորտում վերականգնողական ծրագրերի մշակման, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց ծառայությունների մատուցման ուղղությամբ: Այն արդարադատության ոլորտում կայուն հիմքով ծառայություններ է մատուցում և դասընթացներ է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց (մասնավորապես «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմանարկներում) և պրոբացիայի շահառուների համար:
Կենտրոնի կողմից քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը Հայաստանում միակն է և ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը:
Կենտրոնն իրականացնում է նաև Անչափահասների արդարադատության Խորհրդի քարտուղարությունը, ինչով էլ պայմանավորված՝ ապահովում է նիստերի կազմակերպման և խորհրդի գործունեությանն ուղղված ամբողջ աշխատանքները, մշակում և իրականացնում է հետազոտություններ, պատրաստում է մասնագիտական ձեռնարկներ, կազմակերպում է մասնագիտական փորձի փոխանակման հանդիպում-քննարկումներ, արդարադատության մատչելիությանն ու իրազեկմանն ուղղված երեխաների հետ բազմաթիվ միջոցառումներ:
Կենտրոնի կողմից իրականացվում է նաև հաշտարարների, նոտարների թեկնածուների ու գործող նոտարների ուսուցումը և վերապատրաստումը՝ «Հաշտարարների որակավորման դասընթացներ», «Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում» և «Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցում» ծրագրերով:

2007 թվականից Կենտրոնում յուրաքանչյուր տարի վերապատրաստում են անցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներ: Կենտրոնն իրականացնում է հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ:
Կենտրոնն իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթություն «Իրավագիտություն» և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն «Քրեակատարողական գործ» մասնագիտություններով: