2025թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացել է «Հիշել, ճանաչել, հավատալ» խորագրով միջոցառում, որի նպատակն էր ոգեկոչել 1915թ․ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և արժևորել հայ ժողովրդի տոկուն ոգին։
Միջոցառման ընթացքում շեշտադրվել է հայ ժողովրդի ապրելու, պայքարելու և ստեղծագործելու անսասան կամքը, ազգային արժեքների պահպանման և փոխանցման վճռականությունը։
Հնչել են աղոթքներ առ Աստված՝ 1,5 միլիոն նահատակների անմար հիշատակի համար։
Միջոցառմանն իրենց պատվավոր ներկայությամբ հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող, դերասան Սամվել Բաղինյանը և թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, ազգային նվագարանների վերականգնող վարպետ Մանուկ Հարությունյանը։
Նրանց հոգևոր և բարձրարվեստ կատարումները ևս մեկ անգամ ընդգծել են հայ ժողովրդի հարատևման, մշակութային ինքնության պահպանման և համազգային միասնության գաղափարը։
Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն խնկարկելու անցյալի վերքերը, այլև փոխանցելու ապագա սերունդներին հավատը արդարության վերականգնման և հզոր ու խաղաղ հայրենիք կերտելու գաղափարի նկատմամբ։