2022 թվականին ՀՀ արդարադատության նախարարության « Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է հետևյալ աշխատանքները, ներդրվել և իրականացվել են նոր ծրագրեր՝
Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում նոր՝ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար թեմաներ են դասավանդվել ծառայողներին:
Գործնական պարապմունքների ծրագրով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկների թվով 1665 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում, 35 հարկադիր կատարողի հատուկ ուսուցում, 60 դատավորի, 38 դատախազի և 189 դատական կարգադրիչի համար իրականացվել է հատուկ ուսուցում:
2022 թվականին Կենտրոնը կազմակերպել է Նոտարի թեկնածուների ուսուցում և սնանկության գործով կառավարչի որակավորման հավակնորդների ուսուցման դասընթացներ, վերջինս կազմակերպվում է արդեն 2 -րդ տարին :
«Իրավախախտում կատարած անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում ներդրվեցին մասնագիտական արհեստագործական դասընթացները՝ «Կարի հիմունքներ», «Կահույքաշինության հիմունքներ» և «Դիմահարդարում», որոնք բացի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից դասավանդվում են նաև պրոբացիայի շահառուների համար նախատեսված ՀՀ Արարատի մարզում 2022 թվականին բացված «Մասնագիտական վերապատրաստման» կենտրոնում:
2022 թվականի սեպտեմբերի 1-ից Կենտրոնը սկսեց իրականացնել «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրը :
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 81՝ 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար և իրացնում իրենց կրթության իրավունքը:
Ծրագրի իրականացման մեկ կիսամյակի ընթացքում, տարբեր առարկաներից իրականացվել են կրթամշակութային, գիտահանրամատչելի միջոցառումներ, որոնք էապես փոխել են դատապարտյալների վերաբերմունքը հոգևոր և բարոյական արժեքների նկատմամբ, նպաստել կյանքի ու ապագայի հանդեպ նրանց լավատեսության ձևավորմանը և վերասոցիալականացման առավել դինամիկ ընթացքին:
2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել թվով 3 Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ: Նշենք, որ Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքների շարունակական ապահովումը և քարտուղարությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կայացած նիստերի քննարկումների արդյունքում՝ 2023 թվականին պիլոտավորված տարբերակով ներդրվելու է վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունների «Մեկ պատուհան» սկզբունքով Բարնհաուսի մոդելը, որի շրջանակում վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը:
2022 թվականի ընթացքում Կենտրոնի կողմից հրատարակվել է «Արդարադատություն» գիտական հանդեսի 2 հերթական համար: Տարվա ընթացքում հանդեսում հրապարակվել են շուրջ 16 գիտական հոդվածներ:
2022 թվականի Կենտրոնի գործունեության ամբողջական հաշվետվությունը այստեղ՝ հղում
30.12.2022թ.