2025 թվականի մարտի 21-ին տեղի ունեցավ «Ծնողավարման հմտություններ» դասընթացի փակման արարողությունը, որը կազմակերպվել էր ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը։
Ծրագրի նպատակն էր աջակցել պրոբացիայի ծառայության աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը՝ խթանելով դրական ծնողավարության արժեքները։
Դասընթացի ընթացքում ընդգծվել է ծնողավարության կարևոր դերը բռնության կանխարգելման համատեքստում՝ մասնավորապես ընտանեկան բռնության գործերով դատապարտված անձանց համար։
Մասնակիցները ծանոթացել են տարիքային զարգացման առանձնահատկություններին, հոգեկրթության հիմունքներին և երեխաների սոցիալ-հոգեբանական կարիքներին։
Դասընթացին մասնակցել է 16 մասնագետ, որոնցից 14-ը ստացել է վկայագիր։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է շարունակել նմանօրինակ դասընթացներ՝ ապահովելով ազատազրկված անձանց գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը։
Միջոցառման ավարտին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը շնորհավորեց մասնակիցներին՝ նշելով, որ այս նախաձեռնությունը կարևոր դեր ունի քրեակատարողական ոլորտում բարեփոխումների և վերասոցիալականացման գործընթացի առաջմղման համար։