01.02.2023թ.
Հունվարի 23-31-ը տեղի է ունեցել «Հանցագործություններից տուժած երեխաների և հանցագործությունների մանկահասակ վկաների հետ հարցազրույցների վարումը և միջգերատեսչական համագործակցությունը Բառնահուսի մոդելի համաձայն» թեմայով ուսուցանողների ուսուցումը , իսկ ամսի 26-ից մեկնարկել է ՝ «Հանցագործություններից տուժած երեխաների և հանցագործությունների մանկահասակ վկաների հետ հարցազրույցների վարումը և միջգերատեսչական համագործակցությունը Բառնահուսի մոդելի համաձայն» թեմայով աշխատաժողովը:
Դասընթացների մեկնարկին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ՝ Սիլվիա Մեստրոնին, այլ պաշտոնատար անձինք:
Միջազգային փորձագետի օգնությամբ վերապատրաստում են անցել՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչական և մարզային քննչական վարչությունների քննիչները, ՀՀ դատախազության Երևան քաղաքի վարչական և մարզային դատախազները, հոգեբանները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատողները, Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչներ:
Վերապատրաստման նպատակն էր՝ «Բառնահուս» մոդելի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում՝ տուժող երեխաների հետ արդարադատության գործընթացում աշխատելու համար, որը հնարավորինս տուժած երեխային կպաշտպանի երկրորդային զոհացումից:
Մասնագետների որակավորումը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և միջազգային գործընկերներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: