«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ու Արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակում, իրականացվում է «Քրեակատարողական ծառայությունում միջազգային չափորոշիչները» թեմայով մասնագիտական վերապատրաստում:

Դասընթացները մեկնարկել են սեպտեմբերի 12-ին և ըստ ժամանակացույցի կավարտվեն սեպտեմբերի 16-ին:

Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի կողմից կազմակերպված մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող վերապատրաստման նպատակը մասնակիցներին բանտային միջավայրում մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների պրակտիկ կիրառման  մասին ավելի շատ գիտելիքներ տրամադրելն է:

Գործնական պարապմունքների ընթացքում քրեակատարողական ծառայողները, մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխան, հնարավորություն կունենան մշակել  ոլորտային գործողությունների պլաններ` առաջարկներ ներկայացնելով դասընթացի կազմակերպիչներին, հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման և կանխորոշման համար: