ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը 2025թ․ մայիսի 16-ին հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնիի և տնօրենի տեղակալ Արման Գասպարյանին։
Հանդիպման ընթացքում Գևորգ Սիմոնյանը ողջունել է Լաուրա Միլնինն և շնորհավորել նրան Հայաստանում Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով նրա միջազգային փորձն ու նվիրվածությունը մարդու իրավունքների և #օրենքի գերակայության ոլորտներում։
Կենտրոնի ղեկավարը կարևորել է ինստիտուտի գործունեությունը Հայաստանում և նշել փոխշահավետ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։
Հանդիպման օրակարգում քննարկվել են Կենտրոնի ներկայիս առաջնահերթությունները՝ մասնավորապես վերապատրաստման մոդուլների մշակման և իրականացվող վերապատրաստումների ուղղությամբ:
Արձանագրվել է, որ կարևոր է նոր մոդուլների մշակումը՝ հիմնվելով գործնական գիտելիքների վրա։
Առաջարկվել է վերապատրաստման ծրագրերում առավել ընդգծված կերպով ներկայացնել միջազգային ստանդարտները, այդ թվում՝ Նելսոն Մանդելայի կանոնները, և քրեակատարողական համակարգում դինամիկ անվտանգության ապահովման ներդրման առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում ամփոփվել է նաև Էստոնիա աշխատանքային այցը, որի շրջանակում Արդարադատության նախարարության աշխատանքային խումբը ծանոթացել էր քրեակատարողական համակարգի ու պրոբացիայի ոլորտի միջազգային լավագույն փորձին։ Անդրադարձ է կատարվել այցի արդյունքներին, ձեռք բերված գործընկերային կապերին և ծրագրային հեռանկարներին։
Կենտրոնի կողմից Ռաուլ Վալենբերգի ինստիտուտին առաջարկվել է վերապատրաստումների նոր փուլ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկների բարձրաստիճան պաշտոնյաների մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ներառել այնպիսի բաղադրիչներ, որոնք կապահովեն ոլորտի մասնագետների գործնական կարողությունների ամրապնդում։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը իրավական կրթության, վերապատրաստումների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։