2025թ. մայիսի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում կայացավ բաց դաս՝ «Մեր փառահեղ մայիսը» խորագրով, որը կազմակերպել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Միջոցառումը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան և հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին։
Հատուկ հյուրերի թվում էր բանաստեղծի թոռը՝ գրող և հետազոտող Գևորգ Էմին-Տերյանը, ով հանդես եկավ բացառիկ պատմություններով Վահան Տերյանի կյանքի քիչ հայտնի դրվագների մասին։ Նա նաև նվիրեց իր հեղինակած գիրքը՝ Վահան Տերյանի կենսագրությանը և գրական ժառանգությանը նվիրված ուսումնասիրությունը, «Սևան» ՔԿՀ գրադարանին։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ճարտարապետ, քանդակագործ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը։ Նա ասմունքեց հատվածներ Գևորգ Էմինի ստեղծագործություններից, ներկայացրեց իր հումորային քառյակները, ինչպես նաև տեղում ստեղծեց ներկաների ծաղրանկարները։
Մշակութային միջոցառումը եզրափակվեց ազգագրական պարով։ «Արդվին» համույթի պարողները՝ Միքայել Խաչատրյանն ու Ազատ Հովհաննիսյանը, ներկայացրեցին հաղթական պար՝ փոխանցելով ազգային ոգու շունչն ու պատմական հաղթանակների հիշողությունը։