30.01.2023թ.
Հունվարի 30-ին Հայոց բանակի օրվա միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ ԱՆ «Սևան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» ծրագրի շրջանակներում, «Հայոց պատմություն» առարկայից: Միջոցառումը տեղի է ունեցել հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ և ՔԿՀ-ում գործող մշակութային ինքնագործ միավորման խմբի անդամ դատապարտյալների մասնակցությամբ:
Պատմության ուսուցիչ Կամո Առաքելյանը ներկայացրել է հայկական բանակի ստեղծման պատմական իրողությունը, ստեղծման անհրաժեշտության նախադրյալները։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև օրվա խորհրդին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, այնուհետև տեղի է ունեցել զրույց-քննարկում ֆիլմում առկա հայրենասիրական գաղափարների վերաբերյալ:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ևս կազմակերպվել է տոնական միջոցառում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ։ Պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանը փաստագրական ֆիլմերի միջոցով և դասախոսությամբ ներկայացրել է բանակի ստեղծման պատմությունը։ Միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ազատազրկված անձինք՝ հիշատակելով բանակի կայացման հիմքում կանգնած անձանց, արցախյան պատերազմների մասնակիցներին՝ մեջբերելով նրանց հիշարժան խոսքերն ու կյանքի կարևոր իրադարձությունները։