2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ կայացավ Անչափահասների արդարադատության խորհրդի 2019 թվականի ամփոփիչ նիստը:
Սուրեն Քրմոյանն արձանագրել է, որ տարիների ընթացքում Խորհրդի գործունեության կայունությանն ուղղված միջգերատեսչական ջանքերն արդարացված են, իսկ արդյունքները՝ տեսանելի, քանի որ ներկայում պետական համակարգում ցանկացած ձևաչափով քննարկումներում և որոշումների կայացման հիմքում արձանագրվում է նաև երեխայի լավագույն շահի պահպանման խնդիրը:
ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և ամփոփել Խորհրդի գործունեության 2019 թվականի արդյունքները: Մասնավորապես, որպես արդյունք՝ Արփինե Սարգսյանը նշել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը և արձանագրել, որ ծրագրի որոշ միջոցառումներ արդեն իսկ տեղ են գտել Կառավարության նիստում հավանության արժանացած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:
Հաջորդիվ, Խորհրդի նիստի օրակարգին համապատասխան՝ տեղի է ունեցել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում երեխայի իրավունքներին առնչվող դրույթների առաջարկությունների քննարկումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխայակենտրոն իրավաբանական օգնության ուղենիշների ներկայացումը:
Նիստն ամփոփվել է 2020 թվականի աշխատանքների պլանավորմամբ: