Սույն թվականի հունիսի 3-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Միրզոյանի և կենտրոնի փորձագետ Սերգեյ Ղազինյանի հետ։ Քննարկմանը տեսակապի միջոցով միացել է նաև Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող վերապատրաստման մոդուլների ընթացքը, արժևորել դրանց ներգործությունն իրավական կրթության և իրավակիրառ պրակտիկայի վրա։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա դասընթացների թեմատիկ պլանավորմանը՝ համաձայնեցված ոլորտային առաջնահերթությունների և շահակից կառույցների կարիքների հիման վրա։
Քննարկվել են նաև մի շարք ռազմավարական ուղղություններ, այն է՝ մոդուլների բովանդակային արդիականացում և գործնական բաղադրիչների հարստացում, դասընթացավարների մասնագիտական հմտությունների զարգացում և մեթոդաբանական մոտեցումների կատարելագործում, նոր թեմատիկ մոդուլների մշակման հնարավորություններ՝ հիմնված ոլորտում արձանագրված խնդիրների վերլուծության վրա։
Հանդիպումը կայացել է կառուցողական, մասնագիտական և գործընկերային միջավայրում, որի ընթացքում հստակեցվել են նաև հետագա համագործակցության ձևաչափերը և միջնաժամկետ նախաձեռնությունները։