2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի և Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող Անչափահասների արդարադատության խորհրդի առաջին նիստը` առցանց ձևաչափով, որի քարտուղարությունն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Բացման խոսքով հանդես եկան Սրբուհի Գալյանը, Սուրեն Քրմոյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահին, քարտուղարությանը և անդամներին այս դժվարին պայմաններում խորհրդի գործունեությունն ապահովելու համար, ինչպես նաև նշել, որ վերջինս միակ մարմինն է, որը համավարակի պայմաններում անդրադարձ է կատարել երեխայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջացած խնդիրների քննարկմանը:
Սրբուհի Գալյանը ողջունելով նիստի մասնակիցներին, խոսել է վերջին ամիսների ընթացքում ՀՀ քրեական և ՀՀ քրեակատական դատավարության օրենսգրքերում երեխայի լավագույն շահի պաշտպանության տեսանկյունից իրականացված փոփոխություններից: Ինչպես նաև, կարևորել է Կովիդ 19-ի պայմաններում միջազգային գործընկերների աջակցությունը, կարիքավոր երեխաներին օգնություն տրամադրելու հարցում, մասնավորապես նշելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող երեխաներին տրամադրված օգնության մասին, ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից տրամադրված օգնության պրոբացիայի և ոստիկանության շահառուների մասով:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Վիկտորիա Օհանյանը ներկայացրեց Կովիդ 19-ի պայմաններում իրականացվող միջոցառումների միջազգային փորձը, ինչպես արդարադատության համակարգի հետ շփվող երեխաների, ընդ որում հիմնականում իրավախախտի կարգավիճակով, այնպես էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և արդարադատության համակարգի հետ շփվող տուժող և վկա երեխաների մասով:
Այնուհետև, ելույթով հանդես եկան նիստի բանախոսները, ներկայացնելով համավարակի ժամանակաշրջանում առաջացած սոցիալական, հոգեբանական, կրթական, ընտանեկան և այլ ոլորտներում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Ամփոփելով նիստը, որոշում կայացվեց վերոնշյալ ոլորտներում համավարակի ընթացքում առաջացած խնդիրները ներկայացնել Պարետատուն: