«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների ծրագիրը:

Ըստ սահմանված կարգի՝ որակավորման դասընթացներին կարող են դիմել անձինք, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետին: Կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի՝ անձը, որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և անցել է հոգեբանի որակավորման դասընթացներ:

Դասաընթացներին մասնակցում են հարցազրույցի փուլը հաղթահարած դիմորդները: Ժամանակացույցով նախատեսված որակավորման փուլում մասնագետները անցնում են դասախոսություններ, գործնական պարապմունքներ և պրակտիկա, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային մարմիններում: Դասընթացների փուլն անցնելուց հետո, հոգեբանները ստանում են վկայագրեր, որին հաջորդում է քննական փուլը, որը հաղթահարած հոգեբանները, ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաշվառվում են ՀՀ քննչական կոմիտեի քաղաքային և մարզային ստորաբաժանումներում: