ՀՀ արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումների քաղաքականության արդյունքում 2019 թվականին կառավարության կողմից հաստատվեց «Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և/կամ կալանավորված անձանց) համար հանրակրթության իրականացում՝ անկախ տարիքից» միջոցառումը:
«Կրթության մասին» օրենքում լրացում կատարվեց և 2022 թվականի մայիսի 25-ի ՀՕ-130-Ն օրենքի համաձայն՝ «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացվեց նոր՝ չորրորդ պարբերությունով. «Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի: Սույն պարբերությունում նշված անձինք իրենց ցանկությամբ կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին» (Սույն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թվականի օգոստոսի 1-ից):
Վերոգրյալի արդյունքում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից իրականացնում է 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագիրը:
Այն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության՝ «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում: Ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալները սույն Ծրագրի միջոցով իրացնում են իրենց կրթության իրավունքը՝ մասնակցելով դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական և պետական քննություններին, ստանում միջնակարգ կրթություն:
2022-2023 թվականների ուսումնական տարում Ծրագրին մասնակցել է 37 ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ,
2023-2024 թվականների ուսումնական տարում Ծրագրին դիմել է 53 մասնակցում է 40 ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյան:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ ԱՆ այլ քրեակատարողական հիմնարկներում: