2015 թվականին ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից իրականացված «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակում անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրների, նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների համապարփակ, միասնական, համատեղ դիտարկման և մշակման համար ձևավորվել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 30 -ի N633-Ա հրամանով:
Խորհրդի գլխավոր նպատակն է երեխաների համար մատչելի դարձնել արդարադատությունը, խթանել համակարգի ներսում միջգերատեսչական համագործակցությունը: Խորհուրդը հարթակ է տարբեր կառույցների և կազմակերպությունների միջև արդարադատության մատչելիության ոլորտի բարելավմանը վերաբերող հարցերի քննարկման և խնդիրների լուծման համար:
Խորհուրդը, որպես միջգերատեսչական մարմին, ներկայացնում է ոլորտի կառույցների խնդիրները և ոլորտում առկա հարցերը՝ նպաստելով միջգերատեսչական համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, մշակում է համապարփակ ռազմավարություններ և համատեղ գործողություններ՝ ուղղված երեխաների արդարադատության մատչելիությանը: Կարևոր է նաև շեշտադրել խորհրդի դերն օրենսդրական բարեփոխումների խթանման հարցում, մասնավորապես քրեական, քրեադատավարական, քրեակատարողական օրենսգրքերում և առկա նախագծերում երեխաների արդարադատությանն առնչվող համապատասխան առաջարկությունների ներկայացման առումով:
Խորհուրդը կազմված է պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներից: Խորհրդի քարտուղարությունն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
2018 թվականից գործում է www.forchild.am պաշտոնական կայքէջը: