Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել էր հայրենասիրական, մշակութային միջոցառում՝ «Ես մասնիկն եմ հայրենիքիս» խորագրով։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը, ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ուսուցիչները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես է եկել փոխնախարար Լևոնը Բալյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, կարևորելով և քաջալերելով անազատության մեջ հայտնված անձանց պատրաստակամությունը՝ նման միջոցառումների կազմակերպմանն օժանդակելու և ակտիվ մասնակցելու համար։
Միջոցառման հիմնական թեման հայրենիքն էր, նրա պատմությունը և մշակույթը։ Հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները միջոցառումը մեկնարկել են երկրի մասին պատմական ակնարկով՝ մեջբերված հայրենիքին նվիրված ստեղծագործություններով և իրենց հեղինակած հայրենասիրական բանաստեղծություններով։
Ներկայացվել են նաև դատապարտյալների ձեռքի աշխատանքները, իսկ դատապարտյալ Օնիկ Կարապետյանը ներկաներին հյուրասիրել է հայկական ազգային գաթայով, որը պատրաստել է անմիջապես տեղում, միջոցառման ընթացքում։