Հարգելի՛ հավակնորդներ,

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ հիմք ընդունելով Ձեր կողմից Կազմակերպություն ներկայացված ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգին (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելության դիմումները, առաջարկում է Ձեզ ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերին համապատասխան Կազմակերպությանը վճարել (վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն) ուսուցման դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսը՝ 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամ և Կազմակերպության հետ պայմանագիր կնքել ուսուցման դասընթաց անցնելու կապակցությամբ: Խնդրում ենք վճարում կատարելիս, որպես նպատակ նշել Ձեր՝ «անուն, հայրանուն և ազգանունը և ուսուցման դասընթացի վճար բառերը»:

Վերոնշյալ վճարումը կատարվում է սույն հայտարարությանը կից ներկայացված ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (1) նշված Կազմակերպության հաշվեհամարին:
Կազմակերպության հետ պայմանագրի կնքումն ու վերոնշյալ վճարումը պետք է իրականացվի մինչև 2025 թվականի սեպտեմբերի 04-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:50-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

Խնդրում ենք ուսուցման դասընթաց անցնելու ցանկություն ունեցող Հավակնորդներին վերոնշյալ ժամկետում Կազմակերպություն ներկայացնել (նաև փոստային ծառայության միջոցով) ուսուցման դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով վճարում կատարելու փաստը հավաստող անդորրագիրը (կտրոնը) և Հավակնորդի կողմից սույն հայտարարությանը կից ներկայացված պայմանագրի 2 օրինակը՝ իր կողմից լրացված և ստորագրված (Կամ կարող եք պայմանագիրը կնքել Կազմակերպությունում):

Հավակնորդներին ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ որպես սնանկության գործով կառավարիչ կարող է որակավորվել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

Իսկ «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը որպես սնանկության գործով կառավարիչ չի կարող որակավորվել, եթե`
 դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ.
 դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ճանաչվել է սնանկ.
 դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
Հավակնորդներին ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ ուսուցման դասընթացները տեղի են ունենալու առկա (կամ ուսուցման կարգով նախատեսված դեպքերում հեռավար) ձևով, աշխատանքային օրերին, ժամը 18:25-ից հետո (նախնական տարբերակ)՝ Երևան քաղաքում:

Ուշադրություն՝ Հավակնորդների հետ պայմանագիր կնքելու (ներառյալ վերոնշյալ վճարումը կատարելու) վերջնաժամկետն է՝ 2025 թվականի սեպտեմբերի 04-ը ներառյալ:

Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել Կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406 և 010-574453: