2025 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունում կայացել է սեմինար «Երբ վնասակար սովորությունը դառնում է մեր կենսակերպը» խորագրով։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան կախվածությունների առաջացման կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոններին, որոնք զգալի ազդեցություն են ունենում ոչ միայն մարդու առողջության, այլև ընտանիքի և հասարակության վրա։ Բացի մասնագիտական նյութի ներկայացումից, մասնակիցներին տրամադրվել են ինքնօգնության գործնական մեթոդներ։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը կախվածությունների (թմրանյութեր, ալկոհոլ, ծխախոտամոլություն, խաղամոլություն) մասին, ներկայացնել դրանց առաջացման պատճառները, հետևանքները և վտանգները, ինչպես նաև նպաստել մասնակիցների ինքնակարգավորման հմտությունների զարգացմանը և առողջ ընտրություն կատարելու կարողության ձևավորմանը։
Քննարկվել են կախվածություն ունեցող անձանց կողմից կիրառվող պաշտպանական մեխանիզմները, կախվածության հաղթահարման գործընթացում ընտանիքի դերը և դրա նշանակալի ազդեցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հոգեբանական մեխանիզմներին, որոնք հիմքում ընկած են կախվածության ձևավորմանը, ինչպես նաև մտավոր տրավմաների և կախվածությունների միջև առկա փոխկապակցվածությանը։
Սեմինարը կարևոր նշանակություն ունի անձի ինքնաճանաչման, սեփական պատասխանատվության ընկալման, ինքնօգնության և վերականգնման հմտությունների ձևավորման առումով։ Նման ծրագրերը հանդիսանում են կարևոր քայլեր, որոնք ուղղված են անձի վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը։
