2025 թվականի օգոստոսի 18–19-ին կայացավ հարկադիր կատարման վարույթներում երեխայի լավագույն շահի պաշտպանությանը նվիրված վերապատրաստումների վերջին՝ չորրորդ փուլը։
Վերապատրաստումները կազմակերպվել էին ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։
Չորս փուլերից բաղկացած վերապատրաստումների շարքը նպատակ ուներ ձևավորելու միասնական ընկալում և գործնական հմտություններ՝ ստեղծելու մարդու իրավունքներին առավել նպաստող և երեխայի շահերին լավագույնս ծառայող դատաիրավական համակարգ։ Ընդհանուր առմամբ վերապատրաստումներին մասնակցեց շուրջ 120 մասնագետ տարբեր պետական և մասնագիտական կառույցներից, այդ թվում՝ հարկադիր կատարողներ, դատախազներ, փաստաբաններ, ոստիկաններ և սոցիալական աշխատողներ։
Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անդրադառնալու մի շարք առանցքային թեմաների՝ հարկադիր կատարման իրավական հիմքերն ու երեխայի լավագույն շահի երաշխավորումը, վարույթի էթիկան և հաղորդակցության կանոնները սոցիալապես զգայուն գործերում, բռնության կանխարգելման մեթոդները, երեխայի տարիքային առանձնահատկությունները և հոգեսոցիալական զարգացումը, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության կառուցվածքային լուծումները։ Վերջին փուլում կարևոր տեղ զբաղեցրեց երեխայի հոգեբանական դիմադրության հարցերի վերհանումը։
Մասնակիցները ոչ միայն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, այլև ներկայացրեցին առաջարկություններ, որոնք հետագայում կդիտարկվեն օրենսդրական բարեփոխումների շրջանակում։
Ամփոփելով վերապատրաստումների արդյունքները՝ Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը նշեց, որ նմանատիպ քննարկումները կշարունակվեն նաև աշխատանքային կարգով՝ ավելի լայն մասնագիտական լսարանի ներգրավմամբ։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց դասընթացավարներին և գործընկերներին ներդրած աշխատանքի համար։
Վերապատրաստումների ավարտին հաջորդել է վկայականների հանձման արարողությունը։
