2025 թվականի հուլիսի 8-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արդարադատության հետ առնչվող անչափահասների վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի իրականացման և համակարգման բաժինը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի և Լոռու մարզային մարմինների հետ համագործակցությամբ, Գյումրի և Ալավերդի քաղաքներում իրականացրեց «Ավագ դեռահասների մոտ դրական ինքնագնահատականի զարգացման և ինքնավստահության բարձրացման» թեմայով դասընթաց:
Դասընթացը տեղի ունեցավ «Անձի զարգացում և հաղորդակցման հմտությունների ձևավորում անչափահաս իրավախախտների շրջանում» վերասոցիալականացման ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի նպաստել դեռահասների միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի ձևավորմանը: Յուրաքանչյուր մարզից մասնակցել են երեք անչափահաս, ընդհանուր՝ վեց մասնակից:
Ծրագիրը ներառում է երեք հանդիպում, յուրաքանչյուրն՝ երկու ակադեմիական ժամ տևողությամբ։ Առաջին հանդիպման ընթացքում կարևորվեց հոգեբանական ռապորտի ստեղծումն ու խմբում անկաշկանդ մթնոլորտի ապահովումը:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակելու է իրականացնել նմանատիպ վերասոցիալականացման ծրագրեր՝ նպատակ ունենալով ընդլայնել դրանց աշխարհագրությունը և ընդգրկել նաև ՀՀ այլ մարզեր՝ աջակցելով անչափահասների ինքնաճանաչմանն ու հմտությունների զարգացմանը: