2025 թվականի հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) առաջին անգամ իրականացրեց «Ծրագրավորման հիմունքներ» ուսումնական դասընթացի ամփոփիչ քննությունները:
Դասընթացը կազմակերպվել էր «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում՝ որպես փորձնական մոդուլ, հաշվի առնելով ՔԿՀ-ի դատապարտյալների կարիքները:
Քննությունը անցկացվել է նախապես մշակված թեստերի և գործնական հանձնարարականների միջոցով՝ ապահովելով առավելագույն օբյեկտիվություն՝ գնահատականները գեներացվել են ավտոմատ-ծրագրային եղանակով:
Արդյունքները գոհացուցիչ էին. 10 մասնակիցներից 9-ը հաղթահարեցին նվազագույն շեմը՝ 69 միավոր, իսկ 2-ը հավաքեցին առավելագույն՝ 100 միավոր:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած 9 դատապարտյալներ հնարավորություն կստանան շարունակելու ուսուցումը «Front end ծրագրավորում» ավելի առաջադեմ դասընթացներում:
