2025 թվականի հուլիսի 24-ից 25-ը ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ, կազմակերպվել է երկօրյա վերապատրաստում-քննարկում։
Վերապատրաստման մասնակիցներն էին քննիչներ, դատախազներ, փաստաբաններ, ոստիկաններ, ինչպես նաև հոգեբաններ և սոցիալական աշխատողներ՝ ներգրավված տարբեր փուլերում երեխաների հետ տարվող աշխատանքի մեջ։
Վերապատրաստման մեկնարկին մասնակիցներին ողջունել են Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը և ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
Բացման խոսքում նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, անդրադառնալով վերապատրաստման նշանակությանը, նշել է․
«Այսպիսի վերապատրաստումները առավել քան արդիական են՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Լանզարոտեի կոնվենցիայի շրջանակում մեր ստանձնած պարտավորությունները։ Առցանց սեռական բռնության դեմ պայքարը դարձել է գլոբալ առաջնահերթություն, և մենք պարտավոր ենք Հայաստանում ներդնել բոլոր ջանքերը՝ ապահովելու կանխարգելում, արձագանքում և վերականգնում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի հիման վրա։ Այս ուղղությամբ Բարնահուս մոդելի ներդրումը մեզ համար դառնում է կարևոր հենասյուն՝ ամրապնդելով համակարգային համագործակցությունը և երեխայի պաշտպանության մեխանիզմները»։
Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ այս վերապատրաստումներն ընդհանուր հանձնառության մարմնավորում է՝ ստեղծելու մի համակարգ, որտեղ յուրաքանչյուր երեխա պաշտպանված է, լսված և արժևորված, ինչպես նաև նպատակն է՝ ձևավորել մասնագետների այնպիսի համայնք, որն ունակ է արձագանքել ամենազգայուն դեպքերին՝ գիտելիքով, հմտությամբ և մարդկային մոտեցմամբ։ Յուրաքանչյուր նման նախաձեռնություն ևս մեկ քայլ է՝ հանուն արդար և երեխայակենտրոն արդարադատության։
Վերապատրաստման բովանդակությունը կառուցված էր այն կարևոր հարցերի շուրջ, որոնք այսօր առանցքային են սեռական բռնության ենթարկված կամ վկա դարձած երեխաների պաշտպանական մեխանիզմների արդյունավետ գործարկման համար։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու երեխաների հարցաքննության կազմակերպման առանձնահատկությունները՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, մասնավորապես՝ Բարնահուս մոդելի կիրառման հաջողված օրինակների վրա։
Դասընթացների ընթացքում անդրադարձ է եղել նաև Բարնահուս մոդելի որակի ստանդարտներին և միջոլորտային համագործակցության սկզբունքներին, ինչը թույլ է տվել մասնակիցներին պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես կարելի է արդյունավետ ձևով միավորել իրավապահ, հոգեբանական և սոցիալական համակարգերը՝ երեխայի լավագույն շահի պաշտպանության նպատակով։
Հատուկ ուշադրության է արժանացել հարցաքննության այն տեխնիկային ու մեթոդիկային, որը կառուցված է երեխայի հանդեպ զգայուն և հարգալից վերաբերմունքի վրա՝ ապահովելով ոչ միայն տեղեկատվության արդյունավետ ստացումը, այլև երեխայի անվտանգությունն ու հոգեբանական կայունությունը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են նաև Լանզարոտեի կոնվենցիայի դրույթներին և դրանց գործնական կիրառմանը Հայաստանի պայմաններում։
Շեշտադրում է կատարվել առցանց միջավայրում երեխաների պաշտպանության հարցերին՝ պայմանավորված գլոբալ մակարդակում սեռական բնույթի հանցագործությունների աճով։
Դասընթացի երկրորդ օրը մասնակիցներն ուսումնասիրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը՝ կապված տուժող անչափահասների մասնակցությամբ իրականացվող քննչական գործողությունների հետ։ Այս թեման ուղեկցվել է գործնական վարժանքներով, որոնք ներառել են իրավիճակային վերլուծություններ, դերախաղեր։
Այս ամենը նպատակ ուներ ոչ միայն տեսական գիտելիքների ամրապնդում, այլև մասնագիտական մոտեցումների վերանայում ու լավագույն փորձի տեղայնացում։
Վերապատրաստումը ներառել է նաև գործնական սեմինարներ, որոնց ընթացքում մասնակիցները վերարտադրել են երեխայի մասնակցությամբ քննչական գործողությունների ընթացակարգը։
Այս վերապատրաստումը եզրափակիչն էր 2025թ․ հուլիսին իրականացված վերապատրաստումների շարքում։
Հիշեցնենք, որ նախկին երեք վերապատրաստումները, որոնք կայացել էին ս․թ․ հուլիսի 11-ից 12-ին, 14-ից 15-ին, 24-ից 25-ին նույնպես նվիրված էին երեխաների պաշտպանության, արդարադատության ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացմանը և Բարնահուս մոդելի սկզբունքների տարածմանը։
Արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս լայնածավալ համագործակցությունը նպատակ ունի ձևավորելու մասնագիտական կայուն համակարգ, որը կիրականացնի #երեխայի լավագույն #շահի սկզբունքի հիման վրա արդյունավետ միջամտություններ՝ ուղղված կանխարգելմանը, արձագանքին և վերականգնմանը։
Վերապատրաստման ավարտին մասնակիցներին հանձնվել են #հավաստագրեր։
Վերապատրաստումներն անցկացվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։
