2025 թվականի ապրիլի 1-ից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Կաշեգործություն» ուսումնական ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ արդարադատության նախարարի մարտի 5-ի թիվ 116-Լ հրամանով հաստատված՝ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում։
Ուսումնական նախաձեռնությունն արդեն ընդգրկել է երկու խումբ՝ ընդհանուր 9 մասնակիցով։ Դասընթացին մասնակցում են դատապարտյալներ և կալանավորված անձինք, ովքեր ցանկանում են իրենց ապագան կապել ստեղծագործական ձեռնարկությունների հետ՝ մասնավորապես՝ կաշեգործության ոլորտում։
Ծրագիրը կազմված է երեք փոխլրացնող մոդուլներից՝ «Կաշեգործություն», «Հաղորդակցման հմտություններ» և «Ազգագրություն»։ Ուսուցման ամբողջական ծավալը կազմում է 240 ակադեմիական ժամ։
Դասընթացները համադրում են տեսական և գործնական պարապմունքներ՝ հնարավորություն տալով մասնակիցներին ոչ միայն յուրացնել մասնագիտական գիտելիքներ, այլև սեփական ձեռքերով պատրաստել կաշվե իրեր՝ սկսած պարզ առարկաներից մինչև բարդ կոմպոզիցիաներ։
Կաշեգործության մոդուլի միջոցով մասնակիցները ծանոթանում են կիրառական արվեստի այս ճյուղի պատմությանը, կաշվի տեսակներին, մշակման տեխնոլոգիաներին և կաշվե արտադրանքի պատրաստման գործիքներին։ Դասընթացը ոչ միայն զարգացնում է մասնագիտական հմտությունները, այլև խթանում է ստեղծագործական մտածողությունը, ուշադրությունը մանրուքների նկատմամբ և ինքնարտահայտման կարողությունը։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակելու է իրականացնել նախաձեռնություններ, որոնք կապահովեն ՔԿՀ համակարգում գտնվող անձանց կրթական, մշակութային և մասնագիտական ներուժի զարգացումը՝ միտված նրանց արդյունավետ վերաինտեգրմանը հասարակություն։
