2025 թվականի հուլիսի 10-ին մեկնարկել է երկօրյա վերապատրաստումքննարկումների շարքը, որը նվիրված է սեռական շահագործումից և բռնությունից տուժած անչափահասների մասնակցությամբ իրականացվող քննչական գործողությունների առանձնահատկություններին և Բարնահուսի մոդելի գործնական կիրառությանը։
Երկօրյա վերապատրաստում-քննարկումներին մասնակցում են քննիչներ, դատախազներ, փաստաբաններ, ոստիկաններ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, ինչի նպատակն է ուժեղացնել մասնագիտական կարողությունները՝ սեռական շահագործումից և բռնությունից տուժած անչափահասների մասնակցությամբ իրականացվող քննչական գործողությունների ժամանակ կիրառելու Բարնահուս մոդելը:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես է եկել Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը՝ ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության, միջազգային լավագույն փորձի ներդրման և միջոլորտային արդյունավետ համագործակցության կարևորությունը:
Մասնակիցները քննարկել են «Տուժող կամ վկա երեխաների հարցաքննության առանձնահատկությունները և միջազգային հաջողված փորձը․ Բարնահուսը որպես օրինակելի մոդել» թեման՝ ծանոթանալով հարցաքննության տեխնիկային, մեթոդիկային և որակի ստանդարտներին։
Օրվա երկրորդ հատվածում խմբերին նախատեսվում է ներկայացնել հարցաքննության վարժություններ, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա գործնականում ամրապնդել տեսական գիտելիքները։
Վերապատրաստումների շարքը կշարունակվի հուլիսի 11-ին և հաջորդ շաբաթ՝ նոր մասնակիցների ներգրավմամբ։