
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դասապրոցեսին:
Փոխնախարար Սարգսյանը մասնակցել է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության իրականացման գործընթացին, զրուցել դատապարտյալների և ուսուցչական անձնակազմի հետ:
Սարգսյանը շնորհավորել է կրթական գործընթացի մասնակիցներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և փաստել, որ Արդարադատության նախարարության ջանքերով կրթությունն այլևս հասանելի է այն դատապարտյալներին, որոնք տարբեր պատճառներից ելնելով չեն ստացել միջնակարգ կրթություն:

Նա հորդորել է դատապարտյալներին իրենց օրինակով մոտիվացնել նաև մյուս դատապարտյալներին, չհուսահատվել կրթական գործընթացի շրջանակներում հնարավոր տարբեր բարդություններից, բարձրաձայնել կարիքները, որոնք թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխել ուսման կազմակերպման մեթոդները, և գիտելիքների պաշարն ամրապնդել:

Այցին մասնակցել են նաև Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ձոնիկ Մարգարյանն ու աշխատակիցները:
https://www.moj.am/article/3257
