2019 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովը, որի ընթացքում ամփոփվեց «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները: Այն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի աջակցությամբ:

Համաժողովի շրջանակում կազմակերպվեցին պանելային քննարկումներ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, ու ներկայացվեցին քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Քննարկմանը հաջորդեց <<Փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրները վեր հանելու, իրավիճակը լուսաբանելու>> լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխությունը: Լրագրողական աշխատանքների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականի փետրվարին՝ մեդիա լուսաբանումը Հայաստանի փակ կառույցներում խթանելու համար: Կատարված աշխատանքները յուրօրինակ պատկերացում են տալիս Հայաստանի փակ հաստատություններում պահվող քաղաքացիների, մարդու իրավունքների իրավիճակի, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց խնդիրների մասին, ինչպես նաև իրենց հրապարակումներով նպաստում են խնդիրների վաղաժամ լուծմանը: Մրցանակներ և շնորհակալագրեր տրվեցին լրագրողներին, լրատվամիջոցներին, աջակցող պետական կառույցներին ու կազմակերպություններին: «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում մեդիա լուսաբանմանը ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար շնորհակալագիր տրվեց նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին: Միջոցառմանը մասնակցում էին Կենտրոնի ներկայացուցիչները և Կենտրոնում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողները: