Այսօր՝ 2025 թվականի հունիսի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում ստորագրվեց համագործակցության հուշագիր Կենտրոնի և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև։
Սույն հուշագրով կողմերը՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանի, և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի, վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ խթանելու վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները։
Համագործակցությունը նպատակ ունի ամրապնդել կողմերի կարողությունները ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների իրավագիտակցության բարձրացման, օրինապահ վարքագծի ձևավորման, հասարակություն վերաինտեգրման և նոր հանցագործությունների կանխման ուղղություններով։ Կողմերը նախատեսում են իրականացնել նաև համատեղ հանրային իրազեկման միջոցառումներ, քննարկումներ, սոցիալական տեսահոլովակների պատրաստում և այլ հանրային նախաձեռնություններ՝ արդարադատության ոլորտում հանրային վստահության բարձրացման նպատակով։
Հուշագրի ստորագրման համատեքստում Գևորգ Սիմոնյանը նշել է, որ
այս հուշագիրը կարևոր քայլ է պետական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության ամրապնդման ճանապարհին և ընդգծել է, որ Կենտրոնը լիահույս է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն վերասոցիալականացման ոլորտում իրական փոփոխություններին և հասարակության կայուն զարգացմանը։
Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը խորապես հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խոցելի խմբերի աջակցության իր առաքելությանը։ Վերջինս ընդգծել է, որ սույն հուշագիրը նոր հնարավորություն է՝ այս ոլորտում ՀԿ-ի փորձը համատեղելու պետական համակարգի կարողությունների հետ՝ ապահովելով համակարգված և ազդեցիկ աշխատանք»։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակական և նպատակային համագործակցության միջոցով նպաստելու ազատությունից զրկված անձանց վերաինտեգրմանը և արդարադատության համակարգում դրական տեղաշարժերին։