2026 թվականի փետրվարի 2-ից 20-ը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի բակալավրիատի առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցել Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնում։ Պրակտիկան նպատակն էր խորացնել ուսանողների տեսական գիտելիքները և զարգացնել գործնական կարողությունները՝ սոցիալական աշխատանքի ոլորտում, մասնավորապես՝ իրավախախտների վերասոցիալականացման և վերականգնողական գործընթացներուն։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները հանդիպեցին Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանին։ Ի թիվս այլնի տնօրենը ուսանողներին ներկայացրեց կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը և ռազմավարական առաջնահերթությունները։ Քննարկվեցին նաև սոցիալական աշխատողի մասնագիտական դերն ու պատասխանատվությունը քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում, ոլորտի առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։

Ուսանողները ճանաչողական այց կատարեցին Պրոբացիայի ծառայություն, որտեղ հանդիպեցին և հետաքրքիր զրույց ունեցան Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի հետ։ Վերջիններս ծանոթացան ծառայության կառուցվածքին, գործունեության հիմնական ուղղություններին և բաժինների աշխատանքներին։ Մասնակցեցին վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի աշխատանքներին՝ անմիջականորեն ծանոթանալով շահառուների հետ տարվող սոցիալական և խորհրդատվական գործընթացներին։ Այնուհետև այցելեցին էլեկտրոնային մոնիթորինգի բաժին, որտեղ ծանոթացան վարչական հսկողության և տնային կալանքի դեպքերում կիրառվող վերահսկողության մեխանիզմներին և տեխնիկական միջոցներին։

Պրակտիկայի շրջանակում ուսանողները ճանաչողական այց ունեցան նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ անչափահաս իրավախախտների համար ներկայացրին «Խառնվածք և խառնվածքի տիպեր» թեման։ Քննարկման նպատակն էր խթանել ինքնաճանաչումը, նպաստել հուզական ինքնակարգավորման հմտությունների զարգացմանը և աջակցել դրական վարքագծի ձևավորմանը։ Ներկայացումը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում՝ ապահովելով մասնակիցների ներգրավվածությունը։

Պրակտիկան ուսանողների համար դարձավ կարևոր և արդյունավետ փորձառություն՝ հնարավորություն տալով համադրել տեսական գիտելիքները գործնական աշխատանքի հետ, ամրապնդել մասնագիտական ինքնագիտակցությունը և խորացնել սոցիալական աշխատանքի նշանակության ընկալումը արդարադատության և վերականգնողական համակարգում։