2025թ. սեպտեմբերի 26-ին և 29-ին ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի աշխատակիցները «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում  կազմակերպել էին սոցիալ-հոգեբանական-կրթական միջոցառում՝ նվիրված կրթության կարևորությանը ՀՀ-ում։

 Միջոցառման նպատակը՝ ցույց տալ, որ կրթությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է, այլ նաև ազգային արժեքների պահպանման և անձի զարգացման հզոր գործիք։

 Տեսանյութերի և սահիկների միջոցով ներկայացվեցին կրթության զարգացման պատմությունը, լավագույն կրթական համակարգեր ունեցող երկրները, Հայաստանի ձեռքբերումներն ու հեռանկարները։

 Քննարկումների ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով՝ նշելով, որ ուսումնական ծրագրերը նպաստել են իրենց կրթության զարգացմանը, ինչպես նաև բարելավել են կյանքի որակը։

«Դասախոսության դիմակ» խորագրով մոտիվացիոն խաղն անցկացվեց ուրախ ու ակտիվ մթնոլորտում։ Խաղի պայմաններով՝ մասնակիցներից մեկը երեք բառով բնութագրում էր ուսուցչին, իսկ մյուսները փորձում էին գուշակել՝ ով է նա։

 Միջոցառումը եզրափակվեց էքստեռն քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցների վկայականների և ատեստատների հանձնմամբ՝ ընդգծելով, որ սովորել կարելի է միշտ, անկախ տարիքից։