2025 թվականի հունիսի 19-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերասոցիալականացման ծրագրերի իրականացման բաժնի հոգեբան Աիդա Ասրյանի նախաձեռնությամբ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում անցկացվել է սեմինար-դասընթաց՝ «Կպչուն մտքեր և կպչուն գործողություններ» խորագրով։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել դատապարտյալների իրազեկվածությունը կպչուն մտքերի (obsessions) և կպչուն գործողությունների (compulsions) բնույթին, առաջացման պատճառներին, հոգեբանական հետևանքներին, ինչպես նաև դրանց հաղթահարման մեխանիզմներին։ Թեմայի ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն հոգեկան առողջության մասին գիտելիքների խորացման, այլև ինքնաճանաչման, անձնական աճի և վերասոցիալականացման գործընթացին աջակցելու տեսանկյունից։
Դասընթացն ընթացել է ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով տեսասահիկների ցուցադրություն, նախնական գիտելիքների գնահատման թեստ, խմբային քննարկումներ և ամփոփիչ վերլուծություն։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել գնահատել դասընթացը պարզ ու մատչելի հարցաշարի միջոցով։ Ըստ գնահատումների՝ սեմինարը եղել է արդյունավետ, հասկանալի և կիրառելի։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակելու է նմանատիպ հոգեբանական և վերասոցիալականացման դասընթացները՝ նպաստելով արդարադատության համակարգում ներգրավված անձանց գիտելիքների հարստացմանն ու վերաինտեգրմանը դեպի հասարակություն։