ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության միջև ս.թ. օգոստոսի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է ապահովել կողմերի միջև համագործակցություն՝ քրեական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ իրավախախտների հետ տարվող աշխատանքներում հասարակական նախաձեռնությունների սատարում, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների մասնագիտական ներուժի զարգացում, ինչպես նաև տվյալ ոլորտում փոխգործակցության շարունակականություն։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է նաև քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների համար մասնագիտական վերապատրաստումների և կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում, համատեղ գիտաժողովների, սեմինարների, վերապատրաստումների և գիտական հրապարակումների իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի մշակում և իրականացում, դատապարտյալների, կալանավորված անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի կազմակերպում, դասընթացավարների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում, և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թեմաներով կարողությունների զարգացման միջոցառումների իրականացում։
Հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը իր խոսքում ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը նախատեսված է համագործակցության համակարգման և ծրագրերի իրագործման համար։
ՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը նշել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս պետական և հասարակական կառույցներին համատեղ իրականացնել ծրագրեր վերասոցիալականացման և իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ։
Հուշագիրը ստորագրվել է երեք տարվա ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։