2025 թվականի օգոստոսի 7-ին կայացել են վերապատրաստում-քննարկումներ՝ ուղղված հարկադիր կատարողների, դատախազների, փաստաբանների, ոստիկանների և սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Վերապատրաստումները կազմակերպվել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։
Վերապատրաստումները նպատակ ունեն ձևավորելու միասնական ընկալում և գործնական հմտություններ՝ ստեղծելու մարդու իրավունքներին ավելի նպաստող և երեխայի շահերին լավագույնս ծառայող դատաիրավական համակարգ։
Բացման խոսքում ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, նշել է․ «Երեխայի իրավունքների պաշտպանությունն ու նրա հոգեբանական և սոցիալական բարեկեցության ապահովումը մեր գործունեության առանցքային ուղղություններից են։ Հատկապես հարկադիր կատարման վարույթներում անհրաժեշտ է որդեգրել այնպիսի մոտեցումներ, որոնք կանխելու են երեխայի տրավմատիկ փորձառությունները և կնպաստեն նրա վստահության վերականգնմանն ու բնականոն զարգացմանը։ Արդարադատության որևէ գործընթաց չպետք է դիտարկվի զուտ ձևականության պահպանման տեսանկյունից։ Այն պետք է ծառայի երեխայի լավագույն շահին, և այդ շահը պետք է լինի առաջնորդող սկզբունքը»։
Վերապատրաստումներին մասնակցող ոլորտային մասնագետները հնարավորություն են ունեցել քննարկելու մի շարք առանցքային թեմաներ, որոնք ներկայացվել են փորձառու դասընթացավարների և ոլորտի փորձագետների կողմից՝ մասնավորապես՝ հարկադիր կատարման իրավական հիմքերն ու երեխայի լավագույն շահի երաշխավորումը, վարույթի էթիկան և հաղորդակցության վարքականոնները՝ հատկապես սոցիալապես զգայուն գործերում, բռնության դրսևորումները և դրանց կանխարգելման արդյունավետ մեթոդները, տրավմայի չվնասող մոտեցումները, երեխայի տարիքային առանձնահատկությունները և հոգեսոցիալական զարգացումը, պատասխանատվության մեխանիզմները՝ որպես օժանդակ գործիք հարկադիր կատարման վարույթում, միջգերատեսչական համագործակցության ձևավորումը և կառուցվածքային լուծումները։
Վերապատրաստումների շարքը նախատեսված է իրականացնել չորս փուլով՝ օգոստոսի 7-8-ին, 11-12-ին, 14-15-ին և 18-19-ին՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 120 մասնագետ տարբեր պետական և մասնագիտական կառույցներից։
Տեղեկացնում ենք, որ վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ՝ մասնագիտական համայնքի մասնակցության ավելի լայն ընդգրկմամբ։
