«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Հանրակրթության բաժինը իրականացնում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հանրակրթության կազմակերպման գործընթացը՝ խթանելով ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց կրթության իրավունքի իրացումը և վերասոցիալականացումը։

Հանրակրթական ծրագրերը նպատակ ունեն ոչ միայն ապահովել պարտադիր միջնակարգ կրթության իրավունքը, այլև նպաստել դատապարտյալների անձնային աճին, արժեքային համակարգի փոփոխությանը և հասարակություն վերաինտեգրմանը՝ կրթության միջոցով։

2022 թվականի սեպտեմբերի 1-ից Կենտրոնը իրականացնում է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագիրը։ Ծրագիրը գործում է հետևյալ քրեակատարողական հիմնարկներում՝
«Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Աբովյան», «Սևան», «Վանաձոր», իսկ 2024-2025 ուսումնական տարում նաև՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։

Ծրագիրը հիմնված է ՀՀ Կառավարության կողմից 2019 թվականին հաստատված «Ազատությունից զրկված անձանց համար հանրակրթության իրականացում՝ անկախ տարիքից» միջոցառման վրա, ինչպես նաև 2022 թվականի ՀՕ-130-Ն օրենքով «Կրթության մասին» օրենքում կատարված լրացման, որով քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները կարող են կրթություն ստանալ՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Դատապարտյալները կրթության գործընթացին մասնակցում են որպես էքստեռն՝ ստանալով հիմնական և միջնակարգ կրթության վկայականներ համապատասխան ավարտական քննությունների հաջող հանձնելու պարագայում։


Ծրագրի արդյունքները՝ ըստ ուսումնական տարիների

2022–2023 ուսումնական տարի

  • Կրթության կարիք ունեցող դատապարտյալներ՝ 306
  • Ծրագրում ընդգրկված՝ 92
  • Ծրագիրն ավարտած՝ 56
  • Էքստեռն քննությունների դիմած՝ 37
  • Վկայական / ատեստատ ստացած՝ 31

2023–2024 ուսումնական տարի

  • Կրթության կարիք ունեցող դատապարտյալներ՝ 269
  • Ծրագրում ընդգրկված՝ 56
  • Ծրագիրն ավարտած՝ 28
  • Էքստեռն քննությունների դիմած՝ 23
    • Դրական արդյունք՝ 16
    • Չներկայացած՝ 4
    • Բացասական գնահատականներ՝ 3

2024–2025 ուսումնական տարի

  • Կրթության կարիք ունեցող դատապարտյալներ՝ 209
  • Ծրագրում ընդգրկված (սեպտեմբերին)՝ 66, որոնք դեկտեմբերին դարձել են 71
  • Ներկայումս ներգրավված են՝ 53 դատապարտյալ

Հանրակրթական գործունեության իրականացման համար Կենտրոնն ունի համապատասխան լիցենզիաներ, որոնք տրամադրվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններով։ 2018 թվականին հաստատվել է նաև Կենտրոնի կողմից մշակված ուսումնական պլանը՝ քրեակատարողական հիմնարկներում կիրառման նպատակով։

Ավելին, 2019 թվականից Կենտրոնը իրականացնում է նաև «Մինչև 19 տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագիրը», որը հնարավորություն է տալիս անչափահաս անձանց շարունակել կրթությունը նաև քրեակատարողական հիմնարկում։


Հանրակրթության բաժնի գործունեությունը նպաստում է վերականգնողական արդարադատության զարգացմանը Հայաստանում, կրթության և ինքնազարգացման միջոցով ապահովելով ազատազրկված անձանց վերաինտեգրումը հասարակությանը։

Թարմացված է՝ 06․06․2025