2025 թվականի մայիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Ինքնաճանաչում և անձնային աճ» ուսումնական մոդուլի հերթական դասընթացը։ Դասընթացն իրականացել է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում։
Դասընթացին մասնակցել է 7 դատապարտյալ, ովքեր ներգրավված են եղել ինտերակտիվ և փորձառական մեթոդներով ընթացող հանդիպումներում։
Մոդուլի նպատակն է օգնել ազատազրկված անձանց խորությամբ ճանաչել սեփական անձը՝ կիրառելով ինքնաճանաչման և ինքնաբացահայտման հասանելի գործիքներ և մեթոդներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել բացահայտելու իրենց նախասիրություններն ու ներուժը, վերլուծել իրենց ուժեղ և թույլ կողմերը, ճանաչել ռիսկերը, ինչպես նաև զարգացնել դրական սոցիալական վարքագծի և ինքնագիտակցության հմտություններ։
Դասընթացը նպաստում է անձնային կայունության ամրապնդմանը, ներշնչում ապագայի նկատմամբ ավելի վստահ մոտեցում և կարևոր քայլ է վերասոցիալականացման գործընթացում։
Այս մոդուլը իր գործնական և հոգեբանական բաղադրիչներով ուղղված է մասնակիցների հոգեբանական առողջության, ներքին հավասարակշռության և քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը՝ աջակցելով նրանց վերաինտեգրմանը հասարակություն։