2022 թվականի մայիսի 25-ի «Կրթության մասին» օրենքի փոփոխությամբ, ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում ներդրվել է հանրակրթական ծրագիր, որի տևողությունը մեկուկես տարի է։ Ծրագրի ավարտը նախատեսում է էքստեռն (դրսեկություն) քննությունների հանձնում։

2025 թվականի փետրվարի 14-ից մեկնարկել է էքստեռն (դրսեկություն) քննությունների առաջին քննաշրջանը, որի շրջանակներում քննություն են հանձնում վեց քրեակատարողական հիմնարկներից 2023-2024 ուսումնական տարվա ուսումնառուները:

Նրանք ընդգրկված են «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» ծրագրում։

Ընդհանուր քննություններին մասնակցում է 24 դատապարտյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար 13 դատապարտյալ կհանձնի հանրակրթական 11 առարկայից ավարտական քննություններ, իսկ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար 11 դատապարտյալ՝ 6 առարկայից (գրավոր և բանավոր ձևաչափով)։

Պետական ավարտական քննությունները նախատեսված են հունիս ամսին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։ Քննական հանձնաժողովները ձևավորված են սահմանված կարգով, և քննությունները կազմակերպվում են երեք քրեակատարողական հիմնարկներում։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դատապարտյալների կրթության ապահովման, նրանց սոցիալական վերաինտեգրման և ապագա կյանքի որակի բարելավման ուղղությամբ։