2025 թվականի մայիսի 22-23-ին Երևանում տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Եվրոպայի խորհրդի «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում
Սյուզաննա Մակյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային և եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձել է Լանզարոտեի կոնվենցիայի և ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի դիտարկումների հիման վրա իրականացված աշխատանքներին։
Սյուզաննա Մակյանն անդրադարձել է գործող Քրեական օրենսգրքում ամրագրված անչափահասների մասնակցությամբ իրականացվող գործողությունների առանձնահատկություններին քննչական գործողությունների ժամանակ և դատավարությունների ընթացքում, առանձնացնելով Քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածում ամրագրված անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններում որակավորված հոգեբանի ներգրավման պահանջը։ Ընդգծել է նաև, որ գործող օրենսդրությունը չի սահմանում հոգեբանին ներկայացվող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բացակայում է հոգեբանների մասնակցության համակարգված մեխանիզմը, միաժամանակ ավելացնելով, որ ներկա պահին մշակվում է օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Ներկայացվել են Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի դրույթների կիրառման արդյունքում երեխաների անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ի հայտ եկող ռիսկերն ու մարտահրավերները։
Սյուզաննա Մակյանը խոսել է նաև տվյալների հավաքագրման, համափարփակ գործիքակազմ ունենալու մասին՝ նշելով միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը։
Իր ելույթում բանախոսը առանձնահատուկ շեշտադրել է քաղաքացիական հասարակության ներգրավման և համակարգված միջգերատեսչական համագործակցության կարևորությունը՝ երեխաների համար անվտանգ և պաշտպանված միջավայր ապահովելու հարցում։
Սյուզաննա Մակյանը անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Անչափահասների արդարադատության խորհուրդի» գործունեությանը՝ շեշտելով, որ խորհրդի նիստերի արդյունքում վերհանվել և քննարկվել են անչափահասների իրավունքներին վերաբերող բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ստացել է կոնկրետ լուծում։
Որպես հաջողված փորձ ներկայացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և համագործակցությամբ իրականացված 4-ամսյա իրազեկման ծրագիրը՝ ուղղված անչափահասների շրջանում առցանց հանցագործությունների կանխարգելմանը (անկախ նրանից՝ անչափահասը հանդիսանում է իրավախախտ կամ զոհ), որում ընդգրկված են եղել Երևանի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի 432 սովորող և 27 ուսուցիչ։
Ներկայացվել են նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» կողմից իրականացված վերապատրաստման ծրագրերը, այդ թվում՝ «Քննիչների, ոստիկանների և արդարադատությանն առնչվող երեխաների հետ աշխատող մասնագետների գործունեության զարգացմանն ուղղված» և «Բարնահուսի մոդելի կիրառման համար մասնագետների կարողությունների զարգացման» դասընթացները։ Դրանց շրջանակում վերապատրաստվել են ՀՀ դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության, հարկադիր կատարման ծառայության, պրոբացիայի ծառայության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՏԻՄ սոցիալական աշխատողներ ու հոգեբաններ։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում վերապատրաստվել է շուրջ 120 մասնագետ։
Քննարկումներն ուղեկցվել են մասնակիցների հարցադրումներով, դիտարկումներով և առաջարկություններով՝ ոլորտում առկա խնդիրների հաղթահարման և արդյունավետ համագործակցության մեխանիզմների զարգացման ուղղությամբ։
Նշենք նաև, որ Կենտրոնի Արդարադատության հետ առնչվող անչափահասների վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի իրականացման և համակարգման բաժնի պետ Օվսաննա Բաղդասարյանը մասնակցել է «Փախստական և միգրանտ երեխաներ» ՀԵԼՓ առցանց դասընթացին և ստացել դասընթացը հաջողությամբ ավարտելու վկայական։