Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում Զատիկ երեխաների աջակցման կենտրոնում մեկնարկեց բուլինգի թեմայով վերապատրաստումների հերթական շարք, որը կրում է շարունակական բնույթ։ Վերապատրաստումները իրականացվում են հոգեբանական գիտությունների թեկնածու՝ Անի Խուդոյանի կողմից։
Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով կարևորեց նման նախաձեռնությունների կազմակերպումը՝ ընդգծելով, որ երեխաների հոգեբանական բարեկեցությունն ու անվտանգ միջավայրի ապահովումը հասարակության առողջ զարգացման կարևոր նախապայմաններից է։
Նա նաև նշեց, որ նման ծրագրերը նպաստում են թե՛ երեխաների, թե՛ մասնագետների իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև խթանում են փոխօգնության և համերաշխության մշակույթը։
Վերապատրաստման առաջին փուլում անցկացվեց դասընթաց Զատիկ երեխաների աջակցման կենտրոնի աշխատակիցների համար՝ բուլինգի կանխարգելման, ճանաչման և արդյունավետ արձագանքման թեմաներով։
Այնուհետև կազմակերպվեցին հանդիպումներ նաև կենտրոնի երեխաների հետ։ Խաղերի, վարժությունների և քննարկումների միջոցով երեխաները սովորեցին ճանաչել բուլինգի դրսևորումները, հասկանալ իրար հանդեպ հարգանքի և ընկերական աջակցության արժեքը։
Ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ մեր նպատակն է ձևավորել անվտանգ և հոգատար միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա զգում է իրեն պաշտպանված, գնահատված և լսված։
Շնորհակալություն Զատիկ երեխաների աջակցման կենտրոնի թիմին ջերմ ընդունելության և ակտիվ մասնակցության համար։
