Մարտի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Կանանց դերը մեր կյանքում» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված գարնանը, մայրությանը և կնոջը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Հայոց լեզու և գրականություն» ու «Խեցեգործություն» առարկաների շրջանակում՝ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ և քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման նախագահ, ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանի նախաձեռնությամբ:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանելյանը դատապարտյալներին ներկայացրեց հայ մեծանուն գրող Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը և ստեղծագործության հիման վրա նկարահանված «Քաոս» ֆիլմը: «Քաոս»-ը ֆիլմի դիտում-քննարկման արդյունքում շեշտադրվեցին կյանքի կարևոր գաղափարներ, դրանցից է՝ կնոջ սիրո բարերար ազդեցության միջոցով բարոյալքված և ապականված կյանքից հրաժարվելը և բարոյական նորմերով ապրող մարդ դառնալը:
Միջոցառման ընթացքում խեցեգործություն առարկան դասավանդող ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը կազմակերպել էր փոքրիկ, կիրառական արվեստի գործերի ցուցահանդես: Ավարտին մասնակիցների ներկայացմամբ հնչեցին գարնանը, մայրությանը և կնոջը նվիրված հայ և արտասահմանյան գրականությունից տողեր: