Մետաղադրամները խոսում են… Երբեմն ավելի բարձր, քան գրքերը։ Դրանք պատմում են մեր անցյալի մասին՝ անբառ, լուռ, բայց վստահ։ Մետաղյա այդ փոքրիկ վկաները ճանապարհ են բացում դեպի անցյալի թագավորություններ, մշակույթ և արժեհամակարգ։
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում են մինչև 19 տարեկան պատժաչափ կրող և կալանավորված պատանիներ, ավարտեցին «Պատմության լուռ վկաները կամ հայոց պետականությունների մետաղադրամներն ու զինանշանները» խորագրով ուսումնական նախագիծը։
Նախաձեռնությունն իրականացվել է «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում՝ 10-րդ դասարանի կրթական ծրագրով։
Նախագիծը մի նոր հնարավորություն էր պատանիների համար՝ սովորելու ոչ միայն պատմության էջերից, այլև՝ մետաղի վրա դրոշմված արժեքներից։ Երիտասարդները ուսումնասիրեցին հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների մետաղադրամներն ու զինանշանները՝ փորձելով հասկանալ դրանց պատմական, տնտեսական և մշակութային նշանակությունը։ Այս ուսումնասիրությունները վերածվեցին թիմային աշխատանքի, քննարկումների, վերլուծությունների և ստեղծագործական մոտեցման։
Յուրաքանչյուր մասնակից իր ձևով անդրադարձավ թեմային՝ ստեղծելով ուսումնական գրքույկներ, սահիկաշարեր կամ տեսանյութեր։ Իսկ ամենակարևոր արդյունքը ոչ թե նախագծային նյութերն էին, այլ՝ այն գիտակցումը, որ նույնիսկ փակ դռների հետևում կրթությունը կարող է բացել հոգևոր դռներ, որ անցյալի արժեհամակարգը կարող է հարստացնել ներկան և հուսադրել ապագան։