Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Սևան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են կրթական և հայրենասիրական միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակի ստեղծմանը և Հայաստանի անկախության կարևորությանը:
Հունվարի 29-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Հայոց բանակի վերաստեղծումը» թեմայով միջոցառում: Մասնակիցները լսեցին դասախոսություն, դիտեցին պատմական ֆիլմաշար և մասնակցեցին քննարկման՝ Հայոց բանակի ստեղծման դժվարին ճանապարհի, պպետության ստեղծման դերի և հայրենիքի ու նրա անկախության կարևորության մասին: Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն ծանոթանալ պատմական փաստերին, այլև արտահայտել սեփական մտորումները հայրենասիրության և ինքնիշխանության կարևորության մասին:
Հունվարի 30-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց «Հայկական բանակի ստեղծումը և Հայաստանի Երրորդ Հանրապետությունը» խորագրով միջոցառում: Այն ներառեց պատմական ակնարկ՝ ընդգրկելով 1988-ից 2020 թվականների ժամանակաշրջանի իրադարձություններ, Արցախյան առաջին պատերազմը և Հայոց բանակի կազմավորման փուլերը: Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտեցին պատմական դրվագներ, մասնակցեցին ինտելեկտուալ խաղի, որի հարցերն առնչվում էին նշված ժամանակահատվածի կարևոր դեպքերին, հայտնի գործիչներին և այլն:
Միջոցառումները նպաստեցին մասնակիցների պատմագիտական գիտելիքների ընդլայնմանը, հայրենասիրական ոգու ամրապնդմանը և անկախության ու բանակի ստեղծման կարևորության արժևորմանը: Արդյունքում մասնակիցները ստացան ոչ միայն տեղեկատվություն պատմության կարևոր իրադարձությունների մասին, այլև հնարավորություն մտորելու ու ձևավորելու անձնական պատկերացում հայրենիքի և պետականության պահպանման նշանակության շուրջ:
