ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ս․թ․ մայիսի 16-ին տեղի է ունեցել «Մերօրյա ականավոր գրական դեմքերը» խորագրով կրթական–մշակութային միջոցառում, որը կազմակերպել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսուցիչ Լուսինե Թովմասյանը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ժամանակակից հայ գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Խաչիկ Մանուկյանի հետ։ Հանդիպման նպատակն արդի գրականությունն ստեղծող և նրա ընթացքը կերտող հեղինակների հետ անմիջական շփման միջոցով հետաքրքրություն ձևավորելն էր գրականության, մշակույթի և ստեղծագործական մտածողության հանդեպ։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գրողի կյանքին և ստեղծագործական ուղուն, ընթերցել են նրա բանաստեղծություններից և ստեղծագործություններից հատվածներ։
Միջոցառումը շարունակվել է հարց ու պատասխանի միջոցով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ուղղել իրենց հետաքրքրող հարցերը գրողին։