Մեկնարկեց «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի գործընկեր է նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2019 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ընդունեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան կազմակերպության կողմից իրականացվող «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի համակարգող խմբին և ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու առանցքային հարցերը, ինչպես նաև քննարկվել են ՀՀ արդարադատության ախարարության հետ համագործակցության մեխանիզմներն ու հեռանկարները։
Ծրագրի շրջանակում 2019-2020 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
• ՀԿ-ների համար փոքր դրամաշնորհային մրցույթ՝ իրավախախտում կատարած անձանց մասնակցությամբ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով,
• Լրագրողական հոդվածների մրցույթ՝ բանտային կրթության հիմնախնդիրները լուսաբանելու նպատակով (2020 թվականի հունվարից),
• ՔԿՀ-ներում կրթության կազմակերպման և իրականացման առկա իրավիճակի վերաբերյալ ամփոփ հետազոտություն:
Հանդիպմանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Աշոտ Հայրապետյանը, փոխտնօրեն, Բանտային կրթության միջազգային ցանցի (PEN) համահիմնադիր անդամ Գայանե Հովակիմյանը, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանը, Ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության և ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները: