Մեկնարկել է Բարնահուս մոդելի կիրառման նպատակով մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարքը․
ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ն այսօր մեկնարկել է երկօրյա վերապատրաստումների շարք՝ ուղղված Բարնահուս մոդելի կիրառման նպատակով մասնագետների՝ ներառյալ հոգեբանների, դատախազների, քննիչների, սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանը: Վերապատրաստումների նպատակն է համապատասխան ոլորտի մասնագետներին առավել խորքային ներկայացնել սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան և դրա կիրարկման հիմնախնդիրները Հայաստանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առցանց սեռական բռնությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև տուժող կամ վկա երեխաների մասնակցությամբ քննչական գործողությունները նոր քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և այս համատեքստում Բարնահուսի մոդելի կիրառման առանձնահատկություններին։ Վերոնշյալի համատեքստում, նախատեսվում են նաև քննարկումներ տուժող կամ վկա երեխաների հարցաքննության առանձնահատկությունների և միջազգային հաջողված փորձի, Բարնահուսի օրինակելի մոդելի, դրա որակի ստանդարտների, այդ թվում՝ միջոլորտային համագործակցության, տուժող կամ վկա երեխաների հարցաքննության օրինակելի ձևաչափի ուղղություններով։ Առաջիկա հանդիպումները նախատեսվում են նաև նոյեմբերի 15-ից 16-ը, 18-ից 19-ը, 22-ից 23-ը։
Վերապատրաստումներն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։