02.06.2023թ.
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակներում մայիսի 31-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերին նվիրված հերթական միջոցառումը:
«Հավերժի ճամփորդ Հայաստանս» խորագիրը կրող միջոցառումը, իրականացվել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանելյանի, ինքնագործ մշակութային խմբի ղեկավար, դատապարտյալ Արտակ Ալեքյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը, կինոռեժիսիոր Դավիթ Ստեփանյանը, ուսուցիչներ:
Սարդարապատի հերոսամարտին նվիրված միջոցառումը իր ձևի մեջ մի ինքնատիպ դաս էր՝ հագեցած հայրենասիրական թեմաներով: Ընթացքում ոգեկոչվել են հայ այն նահատակների անունները, ովքեր վասն հայրենյաց զոհվեցին՝ պաշտպանելով և մեզ հասցնելով հավերժ ճամփորդող Հայասատանը: Մասնակիցները դիտել են «Անդրանիկ» փաստավավերագրական ֆիլմը, որը ամփոփվել է քննարկմամբ:
Միջոցառմանը հանրակրթական ծրագրերի մասնակից ավագ դասարանում ուսանող Արտակ Ալեքյանը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից միջոցառումներին և կրթական ծրագրերին ակտիվ մասնակցության համար ստացել է շնորհակալագիր: